Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները
3 րոպեի ընթերցում
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 1 մեդալով։ Վազգեն Թևանյանը նվաճել է արծաթե մեդալ։ Ամփոփելով առաջնության արդյունքներն՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում նշեց, որ, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ արդյունքներից, սակայն կարող էր ավելի լավ լիներ։
«Շատ ուրախ եմ Վազգեն Թևանյանի արդյունքի համար։ Երկար ժամանակ աշխարհի առաջնություններում ազատ ոճայիններից չենք ունեցել եզրափակչում մասնակից։ Ինչ վերաբերում է հավաքականի մյուս մասնակիցներին, ապա հիմնականում կարող ենք ասել, որ մյուսները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում։ Արսեն Հարությունյանից ակնկալիքներ ունեինք, նա աշխարհի տարբեր տարիների առաջնությունների բրոնզե մեդալակիր է և այս անգամ էլ արդյունքի էինք սպասում, թեպետ իրեն բաժին էր ընկել ուժեղ մրցակից։ Արման Անդրեասյանից, Մանվել Խնձրցյանից նույնպես մեդալներ էինք ակնկալում։ Կարծում եմ, որ բացթողումները կվերլուծենք, սխալների ուղղությամբ կաշխատենք»,-ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանն առաջնությանն անցկացրել է 5 գոտեմարտ։ Նա եզրափակչում գոտեմարտել է ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ, դժվար պայքարում 1։9 հաշվով պարտություն է կրել և արդյունքում հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն։
«Շատ լարված գոտեմարտեր են եղել։ Կառանձնացնեի եզրափակիչ գոտեմարտը, թեպետ չստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք մեր մարզիչների հետ։ Մեկ օր առաջ մանրամասն վերլուծել էինք, պլանավորել էինք, թե ինչ մարտավարությունով ենք առաջ գնալու, սակայն առաջին օրվա լարվածությունն ու հոգնածությունն իրենց ազդեցությունը թողեցին ու երկրորդ օրը դա մրցագորգի վրա երևաց։ Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը։ Արծաթե մեդալի համար ևս շատ ուրախ եմ, հետագայում պետք է կենտրոնանալ սխալներն ուղղելու ճիշտ մարտավարություն ընտրելու վրա»,-ասաց Վազգեն Թևանյանը։
Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը նշեց, որ երկար սպասված մեդալ էր, որին հասնելու համար բարդ ու դժվար ճանապարհ են անցել։
«Կային տարիներ, որ մոտ ենք եղել այս մեդալին, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Փառք Աստծո, կարողացանք այս արդյունքին հասնել, առաջիկայում սխալների վրա կաշխատենք, որ արծաթը ոսկի դառնա։ Առջևում ունենք Օլիմպիական խաղեր, մեր ակնկալիքն է մեդալներով վերադառնալը»,-ասաց Ռաֆիկ Գոլեցյանը։
Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ դեկտեմբերին կլինի Հայաստանի առաջնությունը, Ծաղկաձորում կանցկացվեն հավաքներ, հաջորդ տարվա փետրվարից էլ սպասվում են միջազգային մրցաշարեր։