COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն
5 րոպեի ընթերցում
Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում հոկտեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի նախագահության նախաձեռնությունը՝ ուղղված կենսաբազմազանությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու բնության պահպանությանը նպաստող խթանների ընդլայնմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների Երևանի կոչը․ «Թիրախ 18-ի բարեկամներ» նախաձեռնության մեկնարկ» միջոցառմանը ելույթներ են ունեցել COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն ու նախագահ Դիեգո Մեսա Պույոն։
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումից հետո անհրաժեշտ է համատեղ հանձնառությունները վերածել գործնական և արագացված գործողությունների։ Նրա խոսքով՝ խթանների վերափոխումը բարդ և զգայուն գործընթաց է, քանի որ դրանք կապված են երկրների տնտեսական ու սոցիալական առաջնահերթությունների հետ և կարող են տարբեր կերպ ազդել առանձին ոլորտների ու համայնքների վրա։
«Արդեն ասել եմ՝ կենսաբազմազանության հարցերը պետք է դուրս գան շրջակա միջավայրի նախարարությունների շրջանակից։ Այս նախաձեռնությունը նախատեսված է ֆինանսների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և զարգացման հարցերով նախարարությունների միջև համագործակցությունն ապահովելու համար»,– ընդգծել է Մաթևոսյանը։
Նա ներկայացրել է «Թիրախ 18-ի բարեկամներ» կամավոր հարթակը, որը նախատեսված է քաղաքական հանձնառությունը պահպանելու, ազգային փորձը փոխանակելու, գործնական լուծումներ տարածելու և COP17-ից հետո համագործակցությունը շարունակելու համար։ Մաթևոսյանը երկրներին հրավիրել է աջակցել Երևանի կոչին և դիտարկել հարթակին միանալու հնարավորությունը։
Նախաձեռնությունն ունի երեք փոխկապակցված բաղադրիչ՝ Երևանի կոչը, «Թիրախ 18-ի բարեկամներ» համագործակցության հարթակը և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան նախաձեռնությունը։
Վերջինս նախատեսված է քաղաքական հանձնառությունները երկրներում գործնական քայլերի վերածելու համար՝ աջակցելով խթանների գնահատմանն ու վերափոխմանը, կենսաբազմազանության ֆինանսավորման պլանավորմանը և բյուջետային գործընթացներում դրա ներառմանը։
Աստրիդ Շոմեյքերն իր հերթին ուշադրություն է հրավիրել պետական աջակցության արդյունավետության վրա՝ նշելով, որ որոշ սուբսիդիաներ վնասում են հենց այն տնտեսական ոլորտների բնական հիմքերին, որոնց աջակցելու համար տրամադրվում են։
«Կառավարությունները, իհարկե, ցանկանում են աջակցել տնտեսության ոլորտներին։ Հաճախ նրանք ստիպված են աջակցել այդ ոլորտներին, քանի որ դրանց հետ են կապված մարդկանց ապրուստի միջոցները։ Քննարկումն այն մասին չէ՝ պե՞տք է սուբսիդիաներ ունենալ, թե՞ ոչ․ քննարկումն այն մասին է, թե ինչ արդյունքի են հանգեցնում այդ սուբսիդիաները»,-ասել է Շոմեյքերը։
Նա շեշտել է, որ շրջակա միջավայրի նախարարությունները միայնակ չեն կարող իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, քանի որ համապատասխան որոշումները հաճախ ընդունվում են ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության կամ էներգետիկայի նախարարություններում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նաև ֆինանսական հատվածի մասնակցությունը։
Դիեգո Մեսա Պույոն ընդգծել է վնասակար խթանների վերափոխման բյուջետային նշանակությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս առաջ մղել բնապահպանական գործողությունները և միաժամանակ ընդլայնել պետությունների ֆինանսական հնարավորությունները։
«Սուբսիդիաների կամ վնասակար խթանների վերափոխումը բնապահպանական գործողություններն առաջ մղելու միջոց է՝ միաժամանակ բյուջետային հնարավորություններ ընդլայնելով, ինչն այսօր ամենադժվար խնդիրներից մեկն է։ Աշխարհի բոլոր կառավարություններից պահանջվում է ավելի քիչ միջոցներով ավելի շատ արդյունք ապահովել։ Դրան հասնելու ակնհայտ ուղիներից մեկը կենսաբազմազանությանը, ինչպես նաև կլիմային և ընդհանուր առմամբ շրջակա միջավայրին վնասող խթանների վերափոխումն է»,– նշել է նա։
Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախով նախատեսվում է մինչև 2030 թվականը կենսաբազմազանությանը վնասող խթանները, այդ թվում՝ սուբսիդիաները, կրճատել տարեկան առնվազն 500 միլիարդ դոլարով՝ սկսելով առավել վնասակարներից, և ընդլայնել կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը նպաստող խթանները։