1 րոպեի ընթերցում
Իսրայելի համապատասխան գերատեսչությունները վերսկսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) փոխանցել Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում պահվող պաղեստինյան ծագում ունեցող ձերբակալվածների ցուցակները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ին։
Իսրայելի կառավարությունը նման ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին դադարեցրել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհներից և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Տարվա սկզբին Իսրայելի արդարության Գերագույն դատարանը պարտավորեցրել էր իսրայելական կառավարությանը վերսկսել ցուցակների փոխանցումը, ինչպես նաև ապահովել ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մուտքի հնարավորությունը բանտեր՝ պաղեստինցի բանտարկյալների պահման պայմանները գնահատելու համար։
ԿԽՄԿ-ի մամուլի ծառայությունը հաստատել է ցուցակների ստացումը, սակայն նշել է, որ բանտերում գտնվող կալանավորներին այցելությունը դեռևս չի վերսկսվել։ ԿԽՄԿ-ի ղեկավարությունը հույս ունի, որ շուտով կվերսկսվեն տեսչական ստուգումները։