Իսրայելն ընդլայնում է ռազմական կարողությունները. ձևավորվում են Տիեզերական ուժեր
2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պատրաստվում է իր Պլանավորման վարչության կազմում ստեղծել նոր՝ Տիեզերական բրիգադ, ինչը կարևոր քայլ է Երկրի մթնոլորտից դուրս Իսրայելի ռազմական կարողությունների ընդլայնման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Ynet պարբերականը։
Ակնկալվում է, որ ստորաբաժանումը կստեղծվի առաջիկա ամիսներին և կհամակարգի տիեզերական տեխնոլոգիաների մշակումն ու գործնական կիրառումը, այդ թվում՝ ուղեծրային հսկողության համակարգերը, ինչպես նաև ապագա տիեզերական պատերազմների համար անհրաժեշտ կարողությունները։
Որոշման մասին հայտարարվել է բարձրաստիճան զինվորական նշանակումներին նվիրված խորհրդակցությունից հետո, որը վարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ողջունել է որոշումը։
«Ողջունում եմ ԻՊԲ որոշումը՝ ստեղծելու տիեզերական ստորաբաժանում։ Սա այն քաղաքականության մի մասն է, որը ես առաջ եմ մղում՝ Իսրայելը վերածելու անվտանգության ոլորտի տիեզերական տերության՝ «կապույտ-սպիտակ «Աստղային պատերազմների»»։ ԻՊԲ-ի և պաշտպանական գերատեսչության առջև դրված նպատակն է Իսրայելը դարձնել ռազմական տիեզերական ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը», - նշել է Կացը X-ում գրառման մեջ։
Նրա խոսքով՝ տիեզերքից ընդարձակ տարածքներում ցանկացած թիրախի հետևելու, այն պաշտպանելու կամ դրա վրա հարձակվելու ունակությունն է՛լ ավելի կամրապնդի Իսրայելի՝ որպես տարածաշրջանային և գլոբալ տերության կարգավիճակը, կզսպի մերձավոր ու հեռավոր թշնամիներին և կապահովի երկրի անվտանգությունը գալիք սերունդների համար։