Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ
2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հանգստյան օրերին սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ ամբողջ երկրում կմոբիլիզացվի շուրջ 70 000 իրավապահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Նա նախազգուշացրել է, որ սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում են բռնության և թալանի կոչեր։
«Մենք արձանագրել ենք ծայրահեղ ձախ և արմատական ծայրահեղ ձախ շարժումների կողմից արված բազմաթիվ կոչեր», - ասել է Նունյեսը՝ հավելելով, որ ուժերի կազմում կլինեն ոստիկանության էլիտար ստորաբաժանումներ, մոտ 20 զրահամեքենա և ջրցան մեքենաներ։
Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Լուվրը և Փարիզի մի շարք այլ խոշոր թանգարաններ հոկտեմբերի 24-ին փակ կլինեն՝ նախատեսված բողոքի ցույցերի ժամանակ հնարավոր բռնության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Associated Press-ին տված հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Օրսեի և Պիկասոյի թանգարանները նույնպես փակվողների թվում են։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 23-ին կհանդիպի ավագ դպրոցների աշակերտների ներկայացուցիչների հետ՝ ուսուցիչների պակասի և դպրոցների անմխիթար վիճակի դեմ անցկացվող բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր առաջին անգամ։
Նախագահը նաև պաշտպանության խորհրդի նիստ կանցկացնի՝ հոկտեմբերի 24-ին նախատեսված ցույցերին նախապատրաստվելու համար, որից հետո կհայտարարի «լրացուցիչ որոշումների» մասին՝ ի հավելումն արդեն իսկ հայտարարված սահմանափակ պարետային ժամերի։
Մակրոնը հետաձգել է այս ամսվա վերջին Սենեգալ և Նիգերիա նախատեսված այցը՝ նախորդող համազգային բողոքի ցույցերի շրջանակներում բռնկված անկարգություններից հետո։
Ֆրանսիայի ֆուտբոլային լիգան հայտարարել է, որ Լիգա 1-ի շրջանակներում հոկտեմբերի 25-ին նախատեսված «Պարի Սեն Ժերմեն»-«Լիոն» հանդիպումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը։ Որոշումը կայացվել է ոստիկանության խնդրանքով՝ հաշվի առնելով Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասվող բողոքի ակցիաները։