1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականի վրա պայթելուց հետո հրդեհ է բռնկվել նավթատար լցանավում, որը խախտել է Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
«Նավթատար լցանավը, որը գործում էր սահմանված կանոնների խախտմամբ, պայթել է Հորմուզի նեղուցի հարավային հատվածում տեղադրված ծովային ականի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել մեքենայական բաժանմունքում», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նեղուցով անցնելիս նավն անջատել է ավտոմատ նույնականացման համակարգը՝ դրանով իսկ խախտելով Իրանի կողմից սահմանված տարանցման կանոնները։
«Եթե Հորմուզի նեղուցով և Պարսից ծոցով անցնող նավերն անջատեն իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը, նրանց նկատմամբ կձեռնարկվեն կոշտ և վճռական միջոցներ», - ընդգծել են ԻՀՊԿ-ում։
Իրանը պնդում է, որ լիակատար վերահսկողություն է պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ամերիկյան զինված ուժերն են վերահսկում այդ ջրային ուղին։