2 րոպեի ընթերցում
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են ֆուտզալի մարզային մրցումներ, որում հաղթող է ճանաչվել Սևան համայնքի Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ֆուտզալի մրցումներին մասնակցել են ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների սովորողները։
Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային մրցումները մեկնարկել են հոկտեմբերի 15-ին։ Այն անցկացվել է Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում։
Մարզային փուլին մասնակցել են Գավառի, Մարտունիի, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքային փուլերում առաջին տեղեր գրաված Գեղարքունիքի, Վերին Գետաշենի թիվ 1, Դդմաշենի, Մեծ Մասրիկի միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը։
Մրցումներն անցկացվել են կիսաօլմպիական մրցակարգով։
Եզրափակիչ խաղը կայացել է Գեղարքունիքի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների միջև, որտեղ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը, հաղթելով 6։5 հաշվով, դարձել է մարզային փուլի հաղթող։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի թիմը։
Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կիսաեզրափակչում 7։5 հաշվով հաղթելով Ճամբարակի ավագ դպրոցի թիմին, զբաղեցրել է երրորդ տեղը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։
Մարզային փուլում հաղթող ճանաչված Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի ֆուզալի մրցումների հանրապետական փուլի մրցումներում: