3 րոպեի ընթերցում
Գյումրիի ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանին կողմ քվեարկեց համայնքային վեց ոչ առևտրային կազմակերպությունների գույքի ձեռքբերման, ընթացիկ նորոգման և ջեռուցման համակարգերի վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր գնելու նպատակով 3 մլն 621 հազար դրամ հատկացնելու նախագծին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին քննարկեց և ընդունեց օրակարգային ևս 29 հարց։ Որոշումները վերաբերում էին համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական միջոցներ տրամադրելուն, հրդեհից տուժած ընտանիքներին աջակցելուն, ինչպես նաև առաջիկա ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։
Ավագանին կողմ քվեարկեց նաև «Մանկապատանեկան արվեստի պալատ» ՀՈԱԿ-ին 420 հազար դրամ հատկացնելու նախագծին։ Գումարը նախատեսվեց կառույցի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացնելու և դահլիճի վարձակալության ծախսերը հոգալու համար։
Նիստում ավագանին որոշում կայացրեց դրամական փոխհատուցում տրամադրել նաև օրեր առաջ տեղի ունեցած հրդեհից տուժած հինգ ընտանիքի, որոնք բնակվում էին այրված տնակային մոդուլում։
Ավագանին հաստատեց նաև առաջիկա ամանորյա միջոցառումների ֆինանսավորման հատկացումները։ Գյումրիի գլխավոր տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման և սոճենու ճյուղերի ձեռքբերման համար հատկացվեց 1,5 մլն դրամ, իսկ ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար՝ 5 մլն դրամ։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքի փողոցների վերանորոգման խնդիրները։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը վստահեցրեց, որ կգործի երկամյա երաշխիքային ժամկետ, իսկ համայնքապետարանը հետևողական կլինի համայնքային միջոցների արդյունավետ օգտագործման հարցում։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու տարիներին նախատեսվող ինտենսիվ աշխատանքների արդյունքում Գյումրիի փողոցային տնտեսությունը կհասցվի բավարար և բարվոք վիճակի։
«Մեր քաղաքը» դաշինքի անդամ Լիզա Գասպարյանը բարձրացրեց թափառող շների ստերջացման ծառայությունների ձեռքբերման մրցույթների հարցը։ Համայնքապետարանի գնումների պատասխանատուն տեղեկացրեց, որ ընթացիկ տարում մրցույթ հայտարարվել էր երեք անգամ, սակայն մասնակիցներ չէին եղել։ Միաժամանակ նշվեց, որ թափառող կենդանիների կացարանի և դրան կից շենքի կառուցման համար հայտարարված՝ 134 մլն դրամ արժեքով մրցույթում արդեն հաղթող կազմակերպություն էր ընտրվել։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց, որ «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Վահե Կիրակոսյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ մանդատը փոխանցվեց նույն կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լևոն Տիրայանին։
Գյումրիի ավագանու հաջորդ հերթական նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին։