Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում
2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ կազմակերպում է «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» սեսիան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) Կանաչ գոտում:
Սևան համայնքը սեսիայի մասնակից 7 համայնքներից մեկն է, որը հոկտեմբերի 21-ին Կանաչ գոտում կներկայացնի «Սևան համայնքն՝ ի նպաստ Սևանա լճի պահպանության» թեմայով զեկույցը:
«Սեսիայի մասնակից համայնքները՝ ի դեմս ՏԻՄ-երի, քաղհասարակության և բիզնես ներկայացուցիչների, կներկայացնեն իրենց համայնքներում և բնակավայրերում կենսաբազմազանության պահպանման փորձը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ։ Մասնավորապես՝ կանդրադառնան կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման, անտառի պահպանման և կայուն օգտագործման, էկոտուրիզմի զարգացման, կենսաբազմազանության վրա տնտեսական գործունության ազդեցության, թափոնների կառավարման, տեղի մշակութային ժառանգության հենքի վրա եկամտի աղբյուրների ստեղծման հարցերին և հնարավորություններին։
Սեսիայի ավարտին համայնքները հանդես կգան «Հանուն կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման» համայնքային հայտարարությամբ ուղղված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը, Կոնվենցիայի Կողմ երկրներին և միջազգային ու ազգային կառույցներին՝ դիտարկելու COP17-ի ժամանակ։
Հայտարարությամբ համայնքները կներկայացնեն կենսաբազմազանության պահպանման մարտահրավերները, հանդես կգան առաջարկներով՝ իրենց հայտարարելով կենսաբազմազանության պահպանման գործընկերներ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։