Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը

4 րոպեի ընթերցում

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը։ Ներկայացման բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Խաչատրյանը։

Ռեյ Կուն բրիտանացի աշխարհահռչակ դրամատուրգ, դերասան և ռեժիսոր է, որին հաճախ անվանում են «Կատակերգության արքա»։ Նա համարվում է ֆարսի՝ իրավիճակային կատակերգության ժանրի, ժամանակակից ամենահայտնի վարպետներից մեկը։ «Վատ տղաները» կատակերգության հիմքում մեկ ընտանիքի պատմությունն է, անսպասելի իրավիճակն ու դրանից բխող մեկը մյուսին հաջորդող խճճված իրադարձությունները։ Պատմությունը երեք եղբայրների արկածների մասին է։ Գլխավոր հերոսները հայտնվում են անհեթեթ ու զավեշտալի իրավիճակների կենտրոնում։ Փորձելով թաքցնել իրականությունը՝ նրանք ավելի ու ավելի են խճճվում ստի և կոմիկական թյուրիմացությունների շղթայի մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում միայն խորացնում է ստեղծված իրավիճակը։

«Երբ վերլուծեցինք թատրոնի վերջին շրջանի աշխատանքները, հասկացանք, որ ավելի շատ դրամատիկ ներկայացումներ էինք ներկայացրել, և խաղացանկում կատակերգության անհրաժեշտություն կար։ Թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշեց այդ աշխատանքը վստահել ինձ։ Ես երկար տարիներ կատակերգություն չէի բեմադրել»,-«Արմենպրես»-ի թղթակցի ներկայացրեց Լյուդվիգ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Գյումրիում կատակերգություն բեմադրելը հեշտ չէ, քանի որ այն մեծ պատասխանատվություն է պահանջում։

Ներկայացումը լի է անսպասելի շրջադարձերով, արագ զարգացող իրադարձություններով և հումորային իրավիճակներով՝ հանդիսատեսին առաջարկելով ոչ միայն զվարճալի, այլև մարդկային հարաբերությունների մասին մտածելու առիթ։

«Գյումրիում շատ դժվար է կատակերգություն բեմադրել։ Դա մեծ պատասխանատվություն էր, և այդ պատճառով ես պետք է պիեսը փոփոխեի ու ներկայացման մեջ ընդգրկեի տարբեր սերունդների ներկայացուցիչների»,-նշեց բեմադրիչը՝  հավելելով, որ թատրոնը շարունակում է կարևորել երիտասարդ դերասանների ներգրավվածությունը՝ հնարավորություն տալով նրանց ներկայանալ տարբեր ստեղծագործական աշխատանքներում։

«Վատ տղաները» ներկայացման ընտրությունը, ըստ բեմադրիչի, պատահական չէր։ Նպատակն էր ստեղծել մի ներկայացում, որը հանդիսատեսին հնարավորություն կտար կտրվել առօրյա խնդիրներից, լիաթոք ծիծաղել և թատրոնից հեռանալ բարձր տրամադրությամբ։ Միևնույն ժամանակ, որքան էլ ներկայացումը կատակերգական է, այն ունի իր ասելիքը։ Պատմության առանցքում ընտանեկան սերն է, եղբայրական համերաշխությունը և միմյանց չկորցնելու գաղափարը։ Ներկայացումը նաև չընկալված ու միմյանցից հեռացած եղբայրների մասին է, որոնց կյանքում ստեղծված զավեշտալի իրավիճակները դառնում են հարաբերությունները վերաիմաստավորելու առիթ։

Ներկայացման դերասանական կազմում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դիանա Մացոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ժորա Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Էմմա Ադամյանը, Ադելինա Հարությունյանը և Էլեն Ղազարյանը։

Հայերեն

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված սպանությունը ձախողվել է. կան ձերբակալվածներ

Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը