Մշակույթ

Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը

4 րոպեի ընթերցում

Գյումրիի  դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Ռեյ Կունի «Վատ տղաները» կատակերգության առաջնախաղը։ Ներկայացման բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, բեմանկարիչն Անտոն Քեշիշյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Խաչատրյանը։

Ռեյ Կուն բրիտանացի աշխարհահռչակ դրամատուրգ, դերասան և ռեժիսոր է, որին հաճախ անվանում են «Կատակերգության արքա»։ Նա համարվում է ֆարսի՝ իրավիճակային կատակերգության ժանրի, ժամանակակից ամենահայտնի վարպետներից մեկը։ «Վատ տղաները» կատակերգության հիմքում մեկ ընտանիքի պատմությունն է, անսպասելի իրավիճակն ու դրանից բխող մեկը մյուսին հաջորդող խճճված իրադարձությունները։ Պատմությունը երեք եղբայրների արկածների մասին է։ Գլխավոր հերոսները հայտնվում են անհեթեթ ու զավեշտալի իրավիճակների կենտրոնում։ Փորձելով թաքցնել իրականությունը՝ նրանք ավելի ու ավելի են խճճվում ստի և կոմիկական թյուրիմացությունների շղթայի մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում միայն խորացնում է ստեղծված իրավիճակը։

«Երբ վերլուծեցինք թատրոնի վերջին շրջանի աշխատանքները, հասկացանք, որ ավելի շատ դրամատիկ ներկայացումներ էինք ներկայացրել, և խաղացանկում կատակերգության անհրաժեշտություն կար։ Թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշեց այդ աշխատանքը վստահել ինձ։ Ես երկար տարիներ կատակերգություն չէի բեմադրել»,-«Արմենպրես»-ի թղթակցի ներկայացրեց Լյուդվիգ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Գյումրիում կատակերգություն բեմադրելը հեշտ չէ, քանի որ այն մեծ պատասխանատվություն է պահանջում։

Ներկայացումը լի է անսպասելի շրջադարձերով, արագ զարգացող իրադարձություններով և հումորային իրավիճակներով՝ հանդիսատեսին առաջարկելով ոչ միայն զվարճալի, այլև մարդկային հարաբերությունների մասին մտածելու առիթ։

«Գյումրիում շատ դժվար է կատակերգություն բեմադրել։ Դա մեծ պատասխանատվություն էր, և այդ պատճառով ես պետք է պիեսը փոփոխեի ու ներկայացման մեջ ընդգրկեի տարբեր սերունդների ներկայացուցիչների»,-նշեց բեմադրիչը՝  հավելելով, որ թատրոնը շարունակում է կարևորել երիտասարդ դերասանների ներգրավվածությունը՝ հնարավորություն տալով նրանց ներկայանալ տարբեր ստեղծագործական աշխատանքներում։

«Վատ տղաները» ներկայացման ընտրությունը, ըստ բեմադրիչի, պատահական չէր։ Նպատակն էր ստեղծել մի ներկայացում, որը հանդիսատեսին հնարավորություն կտար կտրվել առօրյա խնդիրներից, լիաթոք ծիծաղել և թատրոնից հեռանալ բարձր տրամադրությամբ։ Միևնույն ժամանակ, որքան էլ ներկայացումը կատակերգական է, այն ունի իր ասելիքը։ Պատմության առանցքում ընտանեկան սերն է, եղբայրական համերաշխությունը և միմյանց չկորցնելու գաղափարը։ Ներկայացումը նաև չընկալված ու միմյանցից հեռացած եղբայրների մասին է, որոնց կյանքում ստեղծված զավեշտալի իրավիճակները դառնում են հարաբերությունները վերաիմաստավորելու առիթ։

Ներկայացման դերասանական կազմում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դիանա Մացոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ժորա Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Էմմա Ադամյանը, Ադելինա Հարությունյանը և Էլեն Ղազարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում