ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից
2 րոպեի ընթերցում

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը 2027 թվականի սկիզբից անհնարին է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ ժամկետը սահմանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բայց Բրյուսելն այդ հարցում զիջումներ չի անում։
«2027 թ. հունվարի 1 ժամկետը սահմանել է նախագահ Զելենսկին։ Անդամակցության գործընթացը հիմնված է ձեռքբերումների վրա, և ակնհայտ է, որ այդ ժամկետն իրական չէ։ Ես հասկանում եմ, որ Կիևը և շատ ուրիշներ ԵՄ-ին անդամակցությունը դիտում են որպես անվտանգության երաշխիք։ Ուկրաինայում պատերազմը փոխեց եվրոպական աշխարհաքաղաքականությունը, և դրա հետևանքներից մեկն այն է, որ ընդլայնումը կրկին առաջնահերթություն է դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար։ ԵՄ-ին անդամակցության գործընթացում չկա ոչ մի արտոնություն կամ զիջում», - ասել է Կոսը։
Նա ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, հետևաբար Եվրոպայի պարտքն է օգնել նրան։
Եվրահանձնակատարի խոսքով՝ այժմ անդամակցության համար անհրաժեշտ պայմանների կատարմանն առավել մոտ է Չեռնոգորիան։
«Երբ երկիրը համապատասխանի բոլոր չափանիշներին, ինչպես դա, հավանաբար, տեղի կունենա Չեռնոգորիայի դեպքում այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, անհրաժեշտ կլինի որոշել՝ ինչպես նախապատրաստել նրան ԵՄ անդամակցությանը», - նշել է Կոսը։
Ցուցակում հաջորդն Ալբանիան է, որին հաջորդում են Մոլդովան և Ուկրաինան: