Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում՝ Շվանիձորում,հոկտեմբերի 3-10-ը կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։ Առաջին անգամ անցկացվող փառատոնը կներկայացնի արդի արվեստի բազմաբնույթ ծրագիր՝ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հիմնական նպատակն է մշակութային կյանքն ապակենտրոնացնել և ժամանակակից արվեստի հնարավորությունները հասանելի դարձնել Հայաստանի մարզերում՝ ձևավորելով նոր մշակութային միջավայր Շվանիձորում։

Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրությունը բնակավայրի բնակիչներին և փառատոնի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ ժամանակակից արվեստի տարբեր արտահայտչաձևերին և արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։

Շվանիձորի մշակույթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետներն ու արվեստագետները կանդրադառնան մշակույթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարավորություններին և Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։

Փառատոնի օրերին հայ և օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաև վարպետության դասեր՝ ստեղծելով անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և ստեղծագործող անհատների համար։

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտված է մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի կրթության և մշակութային ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, հայ և միջազգային արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսության խթանմանը, մշակութային զբոսաշրջության հոսքերի խթանմանը, Շվանիձորը որպես ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ ձևավորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Նախաձեռնության առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխոսող, կայուն զարգացող և ինքնաբավ համայնք դիրքավորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպությունն ու ստեղծագործական ներուժը։

Նախատեսված ծրագրերը բաց են արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և մշակութային զբոսաշրջիկների համար։

Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության համագործակցությամբ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։

Հայերեն