Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
«Allianz Global Wealth Report»-ի (համաշխարհային հարստության վերաբերյալ զեկույց) 17-րդ թողարկման համաձայն՝ 2025 թվականին Բուլղարիան աշխարհում 36-րդ տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով զուտ ֆինանսական ակտիվների ցուցանիշով (14 790 եվրո)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Երկիրը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը նախորդ թողարկման 35-րդ տեղից։
Զեկույցն ընդգրկում է 57 երկիր և «զուտ ֆինանսական ակտիվներ» հասկացությունը սահմանում է որպես համախառն ֆինանսական ակտիվներ՝ առանց տնային տնտեսությունների պարտավորությունների (անշարժ գույքը ներառված չէ)։
Բուլղարական տնային տնտեսությունների համախառն ֆինանսական ակտիվներն աճել են 10%-ով՝ հասնելով մոտ 136,5 միլիարդ եվրոյի, ինչը փոքր-ինչ դանդաղում է 2024 թվականի 11,2% աճի համեմատ։
Ամենամեծ աճը գրանցվել է ավանդների գծով՝ 17,3%, որին հաջորդել են ապահովագրական և կենսաթոշակային ակտիվները (15,8%-ի աճ)։ Արժեթղթերի ծավալն աճել է ընդամենը 2,4%-ով, ինչը կտրուկ դանդաղում է 2024 թվականի 5,8% ցուցանիշի համեմատ և ամենացածր ցուցանիշներից մեկն է ուսումնասիրված երկրների շարքում։ Ռումինիան միակ երկիրն է, որտեղ արձանագրվել է արժեթղթերի ծավալի բացարձակ նվազում։
Չնայած աճի տեմպերի դանդաղմանը՝ արժեթղթերը շարունակում են կազմել բուլղարական տնային տնտեսությունների ակտիվների պորտֆելի 35,4%-ը, ինչը մոտ է Արևելյան Եվրոպայի միջին ցուցանիշին (35,9%)։ Ըստ զեկույցի՝ սա մեծապես պայմանավորված է եղել ոչ թե նոր գնումներով, այլ գնահատման արժեքի չափավոր աճով։
Նոր խնայողություններն աճել են 10%-ով՝ հասնելով 11,9 միլիարդ եվրոյի։
Մեկ շնչի հաշվով զուտ ֆինանսական ակտիվների ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն էր՝ 296 950 եվրոյով, որին հաջորդել են Շվեյցարիան (275 980 եվրո) և Դանիան (197 510 եվրո)։
Գերմանիան՝ Եվրոպական միության խոշորագույն տնտեսությունը, զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ մեկ շնչի հաշվով 91 780 եվրո զուտ ֆինանսական ակտիվներով։ Ճապոնիան 14-րդն է՝ 89 420 եվրոյով, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 18-րդը՝ 72 200 եվրոյով։