Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին կայցելի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք՝ գլխավորելով ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներից կազմված գործարար պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց, Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։
«Հպարտությամբ հայտարարում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի կեսերին կգլխավորի ավելի քան 100 ամերիկյան ընկերություններից կազմված պատմական գործարար պատվիրակությունը, որը կմեկնի Սամարղանդ՝ առաջ մղելու ԱՄՆ-Կենտրոնական Ասիա ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու երկկողմ դիվանագիտական ու առևտրային համագործակցությունը»,- Գորի հայտարարությունը մեջբերել է UzDaily-ն։
Այցի ընթացքում Ռուբիոն կմասնակցի «C5+1» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների մասնակցությամբ։
Բանակցությունների օրակարգում կլինեն Կենտրոնական Ասիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության զարգացումը, առևտրի և ներդրումների ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը։