Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի կառավարության նպատակն է երկիրը վերածել Եվրոպական միության կայունության և ապագայի կարևոր հենասյան՝ զարգացած արդյունաբերական ոլորտով և կայուն պետական ֆինանսներով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտարարել է վարչապետ Ռումեն Ռադևը Սոֆիայում Ֆինանսների նախարարության և Եվրոպական կայունության մեխանիզմի (ESM) կողմից կազմակերպված «Միասին կառուցելով դիմակայունություն. Բուլղարիայի անդամակցությունը ESM-ին» խորագրով բարձր մակարդակի համաժողովի բացմանը։
Վարչապետն ընդգծել է, որ Բուլղարիան ներկայում առաջարկում է ԵՄ-ի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող լուծումներ։ Նա հավելել է, որ ժամանակն է, որ Բուլղարիան առավելագույնս օգտագործի եվրոգոտուն և ESM-ին անդամակցելու առավելությունները։
Վարչապետը նշել է, որ ESM-ին անդամակցությունը ոչ միայն օգուտներ է բերում, այլև պատասխանատվություն է դնում ինչպես Բուլղարիայի, այնպես էլ մեխանիզմի յուրաքանչյուր անդամ պետության վրա՝ ուղղված կայուն պետական ֆինանսների ապահովմանը։ Նա հավաստիացրել է, որ կառավարությունն աշխատում է դեֆիցիտի կրճատման և ֆինանսական համակարգի կայունության վերականգնման ուղղությամբ։
Որպես Բուլղարիայի ուժեղ կողմեր նա առանձնացրել է երկրի աշխարհագրական-ռազմավարական դիրքը՝ հատկապես Եվրոպան Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ կապելու տեսանկյունից, դրա՝ որպես Հարավարևելյան Եվրոպայի էներգետիկ հանգույցի զարգացումն՝ ընդգծելով նավթավերամշակման գործարանի առկայությունը՝ որպես ազգային և եվրոպական ռազմավարական նշանակության ռեսուրս, Բուլղարիայի ակտիվ արտաքին քաղաքականությունը թե՛ եվրոպական հարթակում, թե՛ ԵՄ-ից դուրս, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։
Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ Բուլղարիան տարիների ընթացքում չի կազմաքանդել իր արդյունահանող, վերամշակող և ծանր արդյունաբերությունը, այլ ներդրումներ է կատարել դրանց կայունության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ սա հատկապես կարևոր է ԵՄ-ի համար այսօր՝ հաշվի առնելով Միության առջև ծառացած ներկայիս իրավիճակը։
Վարչապետը նաև ընդգծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված հզոր էկոհամակարգը, որակյալ աշխատուժի առկայությունն, ինչպես նաև կայուն էներգետիկ ցանցի և համակարգի մեջ կատարված ներդրումները։
Համաժողովն անցկացվում է՝ նշանավորելու հունիսի վերջին Բուլղարիայի անդամակցումը ESM-ին, ինչի արդյունքում երկիրը դարձել է կայունության մեխանիզմի 21-րդ անդամը։