Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է
6 րոպեի ընթերցում
«Մեկ in մեկ» կատակերգության առանցքում երգիչ Արկադի Դումիկյանի կերպարն է, որին կրկնօրինակելու միջոցով մի խումբ ընկերներ փորձում են գումար վաստակել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զվարճալի ֆիլմը դեբյուտային է թե՛ Դումիկյանի, թե՛ ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի համար։ Երկուսն էլ խոստովանում են՝ երբևէ չեն պատկերացրել, որ մի օր կնկարահանվեն ֆիլմում։
Ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին «Կինոմոսկվա»-ում, Գոհար Ավետիսյանը պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել մասնակցություն ունենալ կինոնկարում։ «Ինձ հերթով զանգահարում էին իմ ընկերները, որոնք հայտնի են իրենց ոլորտներում, և ասում, որ ինձ փնտրում են, ցանկանում են հրավիրել նկարահանվել ֆիլմում։ Չէի հավատում, քանի որ ֆիլմում նկարահանվելն իմ մանկության երազանքն է եղել, ուստի միանգամից համաձայնեցի։ Ինձ բնավ չէր հետաքրքրում, թե որքան են վճարելու։ Համաձայնեցի գաղափարի համար։ Բավականին բարդ էր, քանի որ օրվա մեջ 16-ից 18 ժամ օտար միջավայրում էի, սակայն ինձ ամեն բան շատ դուր եկավ»,-նշեց նա և հավելեց՝ շատ երջանիկ է։
Առաջարկների դեպքում անպայման կմտածի այլ ֆիլմերում նկարահանվելու մասին։
Դիմահարդարը շքեղ վարդագույն զգեստով էր մասնակցում պրեմիերային։ Ասաց՝ քանի որ իր առաջին ֆիլմն է, որոշել է այնպես հագնվել, ասես «Օսկար»-ի մրցանակաբաշխությանն է եկել։ «Իրականում մտածում էի ներկայանալ հարսանեկան զգեստով, քանի որ այդ զգեստն անմիջական կապ ունի ֆիլմի հետ, բայց մտածեցի, որ այն կկրեմ իմ իսկական հարսանիքին»,-ընդգծեց Ավետիսյանը։
Դիմահարդարը խոստովանեց՝ եթե որևէ մեկն իրեն նմանակեր և այդպես փորձեր գումար վաստակել, գուցե ինքը ծիծաղեր, սակայն տհաճություն ևս կզգար։ «Մենք այնքան ուրախ ֆիլմ ենք ստացել, որ հնարավոր չի լինի չծիծաղել։ Միակ բացասական բանն այն էր, որ նկարահանումների մեծ մասն իրականացվում էր գիշերվա ժամը 2։00-ին կամ 3։00-ին, իսկ երեկոյան ժամը 18։00-ին չէր ստացվում քնել՝ ավելի ուշ արթնանալու համար։ Նկարահանումների ժամանակ ամենաշատը երեք ժամ ենք քնել, ինչի պատճառով շատ էինք սրճում»,-պատմեց Գոհարն ու նշեց, որ նկարահանումների ընթացքում հազվադեպ է տեսել իր երեխային, սակայն դադարել է իրեն մեղադրել նրա համար, որ չի կարող 24 ժամ լինել նրա կողքին։ «Երբ երեխաս նոր էր ծնվել, շատ էի մտահոգվում։ Կարծում էի՝ վատ մայր եմ, հետո հասկացա, որ յուրաքանչյուր մայր յուրովի է սիրում իր երեխային, և այն ժամերը, երբ նրա հետ եմ, հնարավորինս հագեցած են անցնում»,-ասաց դիմահարդարը։
Անդրադառնալով Հայաստանին՝ Գոհարը նշեց, որ ամեն անգամ, երբ այցելում է հայրենիք, յուրահատուկ զգացողություն է ունենում։ «Զգում եմ, որ պապայիս տուն եմ եկել։ Ամեն մարդ իր հայրենիք վերադառնալիս նման զգացողություն է ունենում։ Շատ եմ սիրում իմ ծննդավայրը՝ Մարտունին, բայց մշտապես Հայաստան տեղափոխվելու մասին դեռ չեմ մտածել։ Հաճախ եմ լինում այստեղ և մտածում եմ այստեղ էլ ինչ-որ բան ունենալու մասին»,-շեշտեց Գոհար Ավետիսյանը։
Ֆիլմը դիտելուց հետո երգիչ Արկադի Դումիկյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ էր «Մեկ in մեկ»-ում նկարահանվելը, քանի որ երբեք չի պատկերացնել, որ հնարավոր կլինի լուրջ դերասանների հետ նույն հարթակում լինել։ Կարծել է՝ դրա համար պետք է պրոֆեսիոնալ դերասան լինել։ «Ֆիլմն ինձ շատ դուր եկավ, շատ էին ծիծաղելի հատվածները, բայց ես չեմ կարողանում այն դիտել որպես կինո, քանի որ ինձ հետ է կապված։ Կցանկանամ, որ օտարներն իրենց կարծիքն հայտնեն»,-նշեց երգիչն ու վստահեցրեց՝ երգարվեստում իր հաջողության գաղտնիքն անկեղծությունն է, սերն է իր մասնագիտության և հանդիսատեսի նկատմամբ։
Ֆիլմում նկարահանվել են նաև Մկրտիչ Արզումանյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը, Վահե Զիրոյանը։
Կինոնկարի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, որն ավելի վաղ աշխատել է «Մեր բակը», «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker. Am» և մի շարք այլ նախագծերի շուրջ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում փորձում է ստեղծագործական աստիճանով ավելի ու ավելի վեր բարձրանալ։ «Այս ֆիլմից տեխնիկապես ավելի լավ որակ եմ սպասում, ավելի ժամանակակից, թրենդային ստեղծագործական լուծումներ և լավ ժամանց, որը կնվիրենք մեր հեռուստադիտողներին, հանդիսատեսին, և այդ դրական էներգետիկան կվերադառնա մեզ ու նոր ֆիլմեր ստեղծելու հնարավորություն կտա»,-ընդգծեց ռեժիսորը։
Նա հույս ունի, որ ֆիլմը մարդկանց կվերադարձնի կինոթատրոններ, քանի որ այդ մշակույթը կարևոր է և կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, Դավիթ Բաբախանյանը, բեմադրող նկարիչը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։
Ֆիլմը նկարահանվել է Sharm Holding-ի և Mitoyan Production-ի ջանքերով։