3 րոպեի ընթերցում
Ութսունչորս տարեկանում կյանքից հեռացել է տաղանդաշատ արձակագիր, թարգմանիչ, մանկագիր, Հայաստանի գրողների միության վարչության երկարամյա քարտուղար Վահագն Գրիգորյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
Վահագն Գրիգորյանը երիտասարդ տարիներից մինչև իր կյանքի ավարտ գրել և հրատարակել է բազմաթիվ գրքեր, որոնք արժանացել են ընթերցողների, գրողների, գրականագետների ուշադրությանն ու դրվատանքին՝ «Ադամամութ», «Թռչունի հոգին», «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ժամանակի գետը», «Պողոս-Պետրոս»։
Գրական մեծ վաստակի համար արժանացել է մի շարք բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի, ՀՀ պետական, Հրանտ Մաթևոսյանի անվան և ՀԳՄ լավագույն արձակ մրցանակների, ինչպես նաև հայ-լիտվական գրական և մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Առաջին աստիճանի Պատվո մեդալի։
«Ժամանակին «Գարուն»-ում տպագրված «Թագավորի փոքր որդին» վիպակն արժանացել է բազմաթիվ խրախուսական հոդվածների և բարձր գնահատանքի։
Գրողների միությունում ՀԳՄ քարտուղար աշխատած տարիներին Վահագն Գրիգորյանը նպաստել է գրական կյանքի զարգացմանը։ Նրա մարդկային կերպը՝ սիրված ազնվագույն կերպար... Երկար տարիներ ապրելով Լիտվայում՝ նա գրողների միության գրական դեսպանն է եղել այնտեղ և միշտ հետաքրքրվել է Հայաստանի գրական կյանքի ամենօրյա անցուդարձով, գրական աշխատանքներով, ՀԳՄ անշարժ գույքի դատական պրոցեսի ընթացքով և այդ առիթով իր անհամաձայնությունն էր եղել հայտարարությամբ։ Նրա վեպերի և վիպակների հիման վրա գրված սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, իսկ հեքիաթների թեմաներով՝ մի շարք մուլտիպլիկացիոն ֆիլմեր, պատմվածքներից մեկն էլ էկրանավորվել է Ֆրանսիայում»,-ասվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ բազմավաստակ գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով՝ ռուսերեն, բուլղարերեն, իտալերեն, ռումիներեն, էստոներեն։ Նա ևս կատարել է թարգմանություններ ռուսերենից և լիտվերենից։
«Մեր հրաշալի գրող ընկերոջ կորուստը ծանր ցավ է ողջ գրական ընտանիքի համար։ Նրա գրականության սրտի զարկը միշտ կլսվի ընթերցողների և գրողների հոգիներում...»,-ասվում է հաղորդագրության տեքստում։