Հաղորդակցության ամենաարժեքավոր արժույթը վստահությունն է. Տաթևիկ Սիմոնյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում
5 րոպեի ընթերցում

SPRING PR-ի համահիմնադիր և Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հեղինակային հոդվածը հրապարակվել է Forbes-ում։
«Ճշմարտությունը ճնշման ներքո․ էթիկական հաղորդակցությունը՝ վստահության նոր ենթակառուցվածք» (Truth Under Pressure: Ethical Communication Is The New Infrastructure Of Trust) վերտառությամբ հոդվածում Սիմոնյանն անդրադառնում է տեղեկատվական գերհագեցվածության, ապատեղեկատվության և արհեստական բանականության զարգացման պայմաններում հաղորդակցության փոփոխվող դերին՝ առանձնացնելով վստահությունը որպես դրա հիմնաքարային արժեք։
«Մենք ապրում ենք «տեխնոլոգիական ցունամիի» և «գերհագեցած հաղորդակցության» դարաշրջանում, որտեղ տեղեկատվության ծավալը զգալիորեն գերազանցում է մարդու ճանաչողական կարողությունները»,- գրում է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր մարտահրավերը ոչ թե լսելի լինելն է, այլ այնպիսի «իմաստալից լռություն» ստեղծելը, որը մարդկանց կստիպի լսել։ Ուշադրությունը դարձել է ամենամրցակցային արժույթը, և այն գրավելու մեթոդները երբեմն կիրառվում են ճշմարտության հաշվին։
Հեղինակը տեղեկատվական միջավայրի փոփոխությունը դիտարկում է աշխարհաքաղաքական լարվածության, ալգորիթմների միջոցով տեղեկատվության լայնածավալ տարածման և համակարգային ապատեղեկատվության համատեքստում։
Նա վկայակոչում է Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ 2026թ. Գլոբալ ռիսկերի վերաբերյալ զեկույցը, որտեղ համակարգային ապատեղեկատվությունը ներկայացվում է որպես գլոբալ կայունության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Այս պայմաններում կասկածի տակ է դրվում նաև ինստիտուցիոնալ վստահելիությունը, որը հեղինակը ժամանակի մարտահրավերներից է համարում:
Հոդվածի առանցքային հասկացություններից մեկը «վստահության վակուումն» է։ Սիմոնյանը, վկայակոչելով Էդելմանի վստահության բարոմետրը (Edelman Trust Barometer), նշում է, որ մարդիկ այսօր բրենդներին և իրենց գործատուներին ավելի շատ են վստահում, քան ավանդական ինստիտուտներին, անգամ լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ ավանդական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազումը մարդկանց ստիպում է պարզության և ճշմարտության համար այլ աղբյուրներ փնտրել՝ բիզնեսին հաղորդակցության և հանրային վստահության կառուցման գործում նոր պատասխանատվություն վերապահելով։
Այս պայմաններում, ըստ Սիմոնյանի, փոխվում է նաև հաղորդակցության մասնագետի դերը. «Հաղորդակցության մասնագետը պարզ հաղորդագրություն փոխանցողից վերածվել է վստահության ենթակառուցվածքի ռազմավարական կառուցողի»։
Հեղինակը առանձնացնում է նաև արհեստական բանականության ազդեցությունը։ Թվային հարթակները, նրա գնահատմամբ, միաժամանակ ժողովրդավարացրել են հաղորդակցությունը և արագացրել ապատեղեկատվության տարածումը, իսկ AI-ը հնարավորություն է տվել աննախադեպ մասշտաբով ստեղծել համոզիչ պատմություններ և սինթետիկ մեդիա՝ ավելի դժվարացնելով ճշմարտությունն ու կեղծիքը տարբերելը։
Սիմոնյանի համոզմամբ՝ այս պայմաններում տեխնոլոգիական զարգացումը պետք է ուղեկցվի էթիկական չափանիշներով։ «Տեխնոլոգիան կարող է օգնել «ինչպես»-ի հարցում, բայց էթիկան պետք է որոշի «ինչու»-ն։ Էթիկան չի կարող փոխանցվել ալգորիթմին։ Բարոյական կողմնացույցը պետք է ամուր մնա մարդու ձեռքում»,- գրում է նա՝ միաժամանակ ընդգծելով տեխնոլոգիայի և մարդկային գործոնի միջև ճիշտ հավասարակշռություն գտնելու և մարդկային միջամտությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Հոդվածի վերջում Սիմոնյանը բիզնեսի համար առանձնացնում է վեց սկզբունք՝ տեղեկատվության ճշգրտություն և ստուգելիություն, AI-ի կիրառման էթիկական սահմաններ և մարդկային վերահսկողություն, փաստերի վրա հիմնված հաղորդակցություն և վստահելի լրագրության ու հետազոտության աջակցություն, հասարակության և շահառուների համար կայունացնող դեր, կրթության միջոցով վստահության մարդկային բաղադրիչի պաշտպանություն։
Հոդվածը եզրափակելով՝ Սիմոնյանը գրում է. «Ես հենց նոր վերադարձել եմ Դավոսի հաղորդակցության գագաթնաժողովից՝ այնտեղից ինձ հետ բերած ամենաարժեքավոր ուղերձով՝ երբեք հաղորդակցվելն այսքան հեշտ չի եղել, և երբեք այսքան դժվար չի եղել վստահության արժանանալը»։
Հաղորդակցությանը էթիկական մոտեցում ցուցաբերող ընկերություններն ու առաջնորդները կարող են ոչ միայն պաշտպանել իրենց հեղինակությունը, այլև դառնալ անկայուն աշխարհում կայունության հենարաններ։ «Միակ բանը, որը մնում է չկոտրվող, ապացուցված ազնվության պատմությունն է։ Ի վերջո, հաղորդակցության ամենաարժեքավոր արժույթը ոչ թե ազդեցությունն է, այլ վստահությունը»,- եզրափակում է հաղորդակցության ոլորտի ավելի քան 20-ամյա փորձով մասնագետը։