Քաղաքականություն

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության անդամ երկրներին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Անկեղծ շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին, հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելով՝ Հայաստանին աջակցելու համար: Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և գործընկերության ևս մեկ հանգրվան՝ ՀՀ-ԵՄ մեր գագաթնաժողովի հռչակագրին և ռազմավարական օրակարգին համապատասխան»,- գրել է Միրզոյանը:

Եվրոպական Միության խորհրդի որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը:

«Եվս մեկ համերաշխության դրսևորում Հայաստանին՝ ԵՄ և նրա բոլոր անդամ պետությունների կողմից»,- նշել է նա:

Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու կանոնակարգը՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Միջոցները կգործեն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։ Արտոնություններն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում դրանց հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում