Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը Երևանում կհամախմբի 200-ից ավելի մասնակցի
9 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական եռօրյա համաժողովի առանցքում մշակութային ժառանգության և կրթության փոխկապակցվածությունն է։ Սեպտեմբերի 23-ին Երևանում մեկնարկած համաժողովի մասնակիցները քննարկումների ընթացքում կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող են մշակութային ուղիները նպաստել կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը, միջմշակութային երկխոսությանը, երիտասարդների ներգրավմանը, ներառական հասարակությունների ձևավորմանն ու ժառանգության կայուն պահպանմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կրում է «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով. կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագիրը։
Մինչ համաժողովի մեկնարկը լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ Երևանում համաժողովի անցկացումը նշանակալի համագործակցության արդյունք է, որը մեկնարկել է 2015 թվականին, երբ Հայաստանն անդամակցել է Եվրախորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին։ «2022-ից առավել մեծ եռանդով սկսեցինք զբաղվել այս ծրագրով և 2025-ին ընտրվեցինք բյուրոյի անդամ, ինչը մեզ հնարավորություն տվեց ավելի ինտեգրվել ծրագրին, նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Այս պահի դրությամբ մենք անդամակցում ենք վեց մշակութային ուղու, իսկ այս տարվա վերջում կանդամակցենք «Կին գրողների մշակութային ուղուն»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ ծրագրի շնորհիվ մեր մշակույթն ինտեգրվում է եվրոպական երկրների մշակույթում և՝ հակառակը։

Նա դրա վառ ապացույցը համարեց 2025-ին Ֆրանսիայի Բարբիզոն քաղաքում «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսի բացումը։
Ըստ Քոչարյանի՝ համաժողովի միջոցով ևս հանրահռչակում ենք մեր մշակույթը, քանի որ բազմաթիվ երկրներից շուրջ 250 պատվիրակ է մասնակցում ֆորումին և մի շարք ծրագրերի։
Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ կարծում է՝ համաժողովը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ շեշտադրել, որ մշակութային քաղաքականությունը տարվում է միջազգային կոնտեքստում ինտեգրելու ճանապարհով, և «Մշակութային ուղիներ»-ը թե՛ որպես կառույց՝ հիմնված 1989 թվականին, թե՛ որպես գաղափար այդ մասին է։

«Այդ գաղափարին մենք պատմականորեն ծանոթ ենք եղել «Մետաքսի ճանապարհ»-ից կամ այնպիսի հայեցակարգերից, որոնք մշակութային աշխարհագրությունն էին ուրվագծում, կոնկրետ երկրի կամ կոնկրետ մշակույթի մասին չէին։ Միավորվելով այս կամ այն մշակութային ուղով՝ յուրաքանչյուր երկիր ու մշակույթ դառնում է ավելի մեծ համատեքստի մի մաս։ 2015-ից կոնկրետ արձանագրումներ եղան արվեստի ամենատարբեր տեսակների, ժանրերի, մշակութային երևույթների շուրջ. թումանյանական հեքիաթներից, գինուց մինչև տարբեր մշակութային ժառանգությունների հետ երկխոսություններ, որոնց նաև ինստիտուցիոնալ մասնակցություն կար։ Յուրաքանչյուր նման արձանագրման դեպքում Հայաստանի կողմից կա այս կամ այն մշակութային կառույցը, ինչպես օրինակ Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը և այլն»,-շեշտեց նա։
Ավետիսյանն ասաց, որ համաժողովի 250 մասնակիցները մարդիկ են, որոնք հետաքրքրված են մշակութային զբոսաշրջությամբ, ներկայացնում են մշակութային տարբեր կառույցներ, ուստի հանրայնացումից և ծանոթագրական առաքելությունից բացի համաժողովը նաև համագործակցությունների հնարավորություն է ընձեռում։

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների բաժնի ղեկավար Ռոբերտո Օլլայի խոսքով՝ Եվրոպան կոլեկտիվ հիշողության գաղափարի կրողն է, և, երբ մենք նայում ենք եվրոպական երկրների մշակութային պատկերին, զիգզագաձև բան ենք տեսնում, որն անկախ աշխարհագրական դիրքից, կրոնից, վարած քաղաքականությունից միավորում է այդ երկրները։ Միավորող ուժը մշակութային ուղիներն են։ «Այդ ուղիները նույնը չեն, և հենց այդ տարբերություններն են հարստացնում համընդհանուր մշակույթը։ Հայաստանն ընդգրկված է 52 «Մշակութային ուղիներ»-ից 6-ում, և մենք լիահույս ենք, որ կմիանա նաև մյուս ուղիներին։ Կառավարող խորհրդի քննարկումների արդյունքում գուցե 52 ուղիներն ավելանան»,-ասաց Օլլան։

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի նախագահ Սերխիո Օրտեգա Մունյոսն էլ հավաստիացրեց՝ իրենք բաց են հնարավոր նոր ուղիների հայտնաբերման համար, որոնք կներկայացնեն Եվրոպայի բազմաշերտ մշակույթը։ Իրենք ցանկանում են հարթակ տրամադրել նաև երիտասարդների մասնակցությանն ու մշակութային ժառանգության թվայնացմանը։ «Կրթությունն այդ բոլոր ոլորտների սիրտն ու հոգին է։ Որպեսզի մենք կերտենք ավելի դիմակայուն համագործակցություններ՝ հենվելով մշակութային ուղիների վրա, մեզ անհրաժեշտ է կրթության առկայությունը ծրագրում։ Այս համաժողովին երիտասարդների մասնակցությունն ապահովելը միտված է նրան, որպեսզի նրանք նոր գաղափարներով հանդես գան և առավել լավ հասկանան, թե ինչ սոցիալական պայմաններում են ապրում»,-ասաց նա և հավելեց՝ հույս ունի, որ համաժողովը կընդլայնի երիտասարդների մտահորիզոնը։

Համաժողովը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի առանցքային ամենամյա միջոցառումներից է։ Այն միավորում է ծրագրի անդամ պետությունների, հավաստագրված և հավաստագրման թեկնածու մշակութային ուղիների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների, տեղական և տարածքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակույթի, ժառանգության և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների։
Համաժողովի պաշտոնական բացմանը կհաջորդի «Կրթության դերը կայուն ժառանգության պահպանման գործում» խորագրով բարձր մակարդակի քննարկումը՝ Հայաստանի, Եվրոպայի խորհրդի, Վրաստանի, ՄԱԿ Զբոսաշրջության և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սեպտեմբերի 24-ի թեմատիկ քննարկումները նվիրված կլինեն մշակութային ուղիների միջոցով մշակութային և կրթական էկոհամակարգերի ամրապնդմանը, ժառանգության կրթության մեջ թվային գործիքների, նոր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին։
Համաժողովի շրջանակում կանցկացվեն նաև զուգահեռ աշխատանքային քննարկումներ՝ հետևյալ ուղղություններով՝ կրթական քաղաքականություններ և ծրագրեր, ժառանգությունը դպրոցական և ֆորմալ կրթության մեջ, գործնական և ոչ ֆորմալ կրթություն, մշակույթի հասանելիություն և ներառականություն, զբոսաշրջություն, փոխանակումներ և ճանապարհորդության միջոցով ուսուցում։
Սեպտեմբերի 25-ի նիստերը կանդրադառնան «Մշակութային ուղիներ» ծրագրի զարգացմանը, երիտասարդների մասնակցությանը, մշակութային ուղիների աշխարհագրական և թեմատիկ ներկայացվածությանը, կայուն զբոսաշրջությանը և ժառանգության կրթության չափանիշներին։ Կներկայացվեն նաև Եվրոպայի խորհրդի հավաստագրմանը հավակնող յոթ նոր ուղիներ։
Համաժողովի հիմնական արդյունքներից կլինի մշակութային ուղիների համար առաջարկությունների շրջանակի մշակումը։ Այն կներառի սկզբունքներ և գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն զարգացնել արդյունավետ կրթական ծրագրեր, մշակութային ժառանգությունն ընդգրկել ուսուցման տարբեր ձևաչափերում և ապահովել հասարակության տարբեր խմբերի մասնակցությունը։
Մասնագիտական քննարկումներին զուգահեռ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և ժամանակակից մշակութային կյանքին։ Ծրագրում ներառված են մշակութային այցելություններ Երևանում, պաշտոնական ընդունելություններ, ինչպես նաև գալա ընթրիք Զվարթնոցի տաճարի տարածքում, որի ընթացքում կներկայացվեն մշակութային ուղիների ոգեշնչող փորձառությունները։
Համաժողովը համատեղ կազմակերպում են Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագիրը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Մշակութային ուղիների եվրոպական ինստիտուտի, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի և Մշակույթի զարգացման հիմնադրամի գործընկերությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։