Իրանի ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթերն ԱՄԷ. ISNA
1 րոպեի ընթերցում

Իրանի ավիաընկերությունները կեսգիշերից չեղարկել են ԱՄԷ մեկնող բոլոր չվերթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Բացի այդ, Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը գործակալությանը տված հարցազրուցում հայտնել է Դուշանբե մեկնած ինքնաթիռի վերադարձի մասին այն պատճառով, որ Թուրքմենստանն իրանական օդանավին չի թույլատրել անցնել իր օդային տարածքով։
Ախվանը բոլոր ուղևորներին կոչ է արել նախապես ստուգել չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը։
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Իրանի բոլոր ավիաընկերություններն ստիպված կլինեն սեպտեմբերի 23-ից դադարեցնել չվերթերն արտասահման՝ Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով, որոնք սպառնում են, այդ թվում, Թեհրանի արտասահմանյան գործընկերներին: Բեսենթը հայտարարել էր, որ եթե իրանական ինքնաթիռները վայրէջք կատարեն, կարգելվի դրանք լիցքավորել, սպասարկել, ինչպես նաև տոմսեր վաճառել, իսկ այս միջոցներին չհետևողները կզրկվեն դոլարային համակարգին հասանելիությունից: