Հայաստան

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

2 րոպեի ընթերցում

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

«Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պարզաբանելով, որ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

«Այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։ Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 23/24-ին Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցի խախտումներով։

«Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 23-ին խոշոր վթար էր գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Ընկերությունը վթարի վերացման հետևանքով հայտարարել էր ջրանջատում՝ մեկտեղ ընդգծելով, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։

Երևանի մի շարք համայնքների բնակիչներ համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածում՝ ցույց տալով իրենց ծորակից հոսող պղտոր ջուրը՝ մեղադրելով այդ ամենի մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում