ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույց
3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
Զեկույցը պատրաստվել է ՀՀ ՎԱ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ կենտրոնի գործունեության կանոնադրական նպատակներին և գործառույթներին համապատասխան։
Ընդգծվում է, որ զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը եւ առաջարկել լուծման ուղիներ։
«Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զեկույցում ընդգծված է, որ բարենորոգումն իրականացնում է ինքը՝ Եկեղեցին՝ իր նվիրապետության և հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում։
Զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։
Յուրաքանչյուր ուղղությամբ փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945թ. Կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է ճգնաժամը։
Դրանց թվում են՝
• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
• պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Զեկույցի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։