Առողջության ապահովագրության շրջանակում մինչև տարեվերջ մարման ենթակա հաշիվները կարող են գերազանցել 200 մլրդ դրամը

4 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում 2026 թվականի սկզբից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների ընդհանուր ծավալը գերազանցել է 150 միլիարդ դրամը, իսկ մինչև տարեվերջ մարման ենթակա հաշիվները կարող են հասնել, անգամ՝ գերազանցել 200 միլիարդ դրամը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

Խարազյանի խոսքով՝ այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ընդգրկված է 1 միլիոն 815 հազար մարդ։ Ապահովագրվածների շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն օգտվել է առողջապահական ծառայությունից կամ ստացել դեղորայք։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է կատարել քաղաքացիներին սպասարկած բժշկական կազմակերպություններին և դեղատներին։ Ներառյալ օգոստոսին ներկայացված կատարողականները՝ վճարումներն ամբողջությամբ կատարվել են։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշել է, որ առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ մինչև տարեվերջ մարման ենթակա հաշիվների ծավալը կարող է հասնել շուրջ 200 միլիարդ դրամի։

«Միգուցե մի փոքր ավելի, որովհետև սեզոնայնությամբ պայմանավորված՝ աշնան շրջանում, քրոնիկ հիվանդությունների սրացումների և այլ բարդությունների առաջացման հետևանքով, ծավալը կարող է ավելանալ։ Բայց այն կառավարման շրջանակում է։ Ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակում ծախսերը կառավարելի կլինեն։ Մենք մեր կանխատեսումներից չենք շեղվել»,- արձագանքել է Առողջապահության նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի մասով շեղումներ չեն կանխատեսվում։ Բժշկական հաստատություններն ամբողջությամբ սպասարկում են համակարգը, սակայն առանձին նեղ մասնագիտական ծառայությունների դեպքում հերթեր են առաջացել։ Խարազյանը դա պայմանավորում է այն հանգամանքով, որ քաղաքացիներն իրենք են ընտրում բուժհաստատությունն ու բժշկին, և հաճախ նախապատվություն են տալիս միևնույն մասնագետներին։

Նիստում քննարկվել է նաև ռեզիդենտության հիմքով քաղաքացիներին ապահովագրության շահառու ճանաչելու գործընթացը։ Առողջապահության նախարարությունն այդ հարցով աշխատել է Ազգային անվտանգության ծառայության և էլեկտրոնային առողջապահական համակարգը սպասարկող ընկերության հետ։ Խարազյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում խնդիրը կկարգավորվի նաև օրենսդրական փոփոխություններով։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է թվայնացնել նաև կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիների՝ Հայաստանում գտնվելու փաստի ստուգումը, որպեսզի նրանք այլևս ստիպված չլինեն տարեկան մեկ անգամ այցելել բանկ։

Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես վերաբերում է մի քանի քաղաքացիություն ունեցող անձանց, որոնք սահմանը կարող են հատել ոչ Հայաստանի քաղաքացու անձնագրով և այդ պատճառով չնույնականացվել համապատասխան համակարգերում։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ էլեկտրոնային տվյալների շտեմարանը պետք է կարգավորել այնպես, որ ռեզիդենտության հարցը լուծվի ավտոմատ՝ առանց քաղաքացու լրացուցիչ գործողությունների։

Հայերեն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ