Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի կառավարությունը սեպտեմբերի 22-ին հաստատել է էներգետիկայի և հիդրոլոգիական ոլորտներում 60-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու որոշումները՝ սկսած սեպտեմբերի 26-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։
Վարչապետ Վասիլե Տոֆանը նշել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները կարողանան արագ միջամտել տարածաշրջանային զարգացումների պայմաններում քաղաքացիների համար էներգետիկ և ջրային ռեսուրսներին հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ գործողություններով:
Կառավարության նիստում Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրեն Սերգեյ Դիակոնուն նշել է, որ տագնապի դրության ժամկետը լրանում է սեպտեմբերի 25-ին, սակայն ռիսկերը չեն վերացել, այլ ավելի են սրվել տարածաշրջանային զարգացումների ֆոնին:
Էներգետիկայի նախարար Դորին Ջունգիետուն իր հերթին ասել է, որ տարածաշրջանային զարգացումների և եվրոպական բորսաներում գազի գների աճի պայմաններում «կա լուրջ ռիսկ, որ սպառողների կողմից վճարվող գինը կբարձրանա առաջիկա ժամանակահատվածում»:
«Մեզ անհրաժեշտ է, որ իշխանությունները կարողանան արագ արձագանքել», - ընդգծել է նա։
Այս համատեքստում վարչապետ Վասիլե Տոֆանը հայտարարել է, որ իշխանությունները կքննարկեն հաջորդ ցուրտ սեզոնի ընթացքում ավելի մեծ թվով մարդկանց էներգետիկ փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։
Որոշումների նախագծերը կառավարությունը քննարկել է այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհուրդը, որը նիստ է անցկացրել սեպտեմբերի 21-ին, համաձայնեցրել է էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, որպեսզի հաստատությունները ունենան անհրաժեշտ գործիքներ՝ խոշոր խափանումների դեպքում արագ միջամտելու և երկրի էլեկտրաէներգիայի, բնական գազի և նավթամթերքի մատակարարումն ապահովելու համար։
Հուլիսի 28-ից Մոլդովայի Հանրապետությունը գտնվում է էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում տագնապի ռեժիմի մեջ։ Այն սկզբում սահմանվել է 30 օրով, ապա՝ երկարաձգվել ևս 30 օրով՝ թույլ տալով իշխանություններին արագ միջոցներ ձեռնարկել։