Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են
1 րոպեի ընթերցում

Սև ծովով հացահատիկի մատակարարումների հետ կապված իրադրությունը զգալիորեն բարդացել է Կիևի մեղքով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը մատակարարումները վերաուղղորդում է դեպի այլընտրանքային երթուղիներ և այլ գնորդներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել Անկարայի նախաձեռնությունը՝ Սև ծովում նավերին հասցվող հարվածները դադարեցնելու վերաբերյալ, որի հիմնական նպատակն է կարգավորել հացահատիկի մատակարարումները։
«Սև ծովով հացահատիկի մատակարարումների հետ կապված իրադրությունը զգալիորեն բարդանում է։ Դրա պատճառը ուկրաինական կողմի գործողություններն են եղել», - ասել է Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ռուսական հացահատիկին, ապա նախագահի հանձնարարությամբ ապահովվում են փոխադրման այլընտրանքային ուղիներն այլընտրանքային ուղղություններով», - հավելել է նա։