Հայաստան

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

3 րոպեի ընթերցում

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցին։

«Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։

Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։ Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։ Ես ողջունում եմ Կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասաց Աղաջանյանը։

Պատգամավորը նշեց, որ բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի մի շարք այլ ոլորտներում բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը զգալիորեն բարձր են, ինչի պատճառով պետական համակարգում առկա է նրանց ներգրավելու խնդիր։

Անդրադառնալով պատգամավորների աշխատանքի արդյունավետության գնահատմանը՝ Աղաջանյանն ընդգծեց, որ գործադիրում նախատեսվող կատարողականի գնահատման ցուցանիշները խորհրդարանականների նկատմամբ գրեթե հնարավոր չէ կիրառել։

«Պատգամավորի գործունեության արդյունավետության գնահատականը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ընտրությունների միջոցով։ Համապատասխան պատգամավորներն իրենց կարողություններով, այդ թվում՝ ելույթների որակով, կարժանանան ժողովրդի գնահատականին՝ հետագայում մանդատ ստանալու կամ չստանալու տեսքով»,- նշեց նա։

Աղաջանյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթը դեռ չի հասել Ազգային ժողով, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը դրա վերաբերյալ վերջնական որոշում չունի։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի վերանայման օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսում է փոփոխել հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման վրա հիմնված վարձատրության կարգավորումներ։ Ընդունվելու դեպքում նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում