2 րոպեի ընթերցում
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին՝ պետական միջուկային ուժերի քաղաքականության մասին օրենքի դրույթներին համապատասխան՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հնարավոր գործողությունների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նա ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը խորհուրդ է տվել «վերլուծել, թե ինչ է նշանակում գործի դնել համապատասխան հոդվածները, և դա ընդունել որպես լուրջ նախազգուշացում»։
Հայտարարության համար առիթ է դարձել զանգվածային ոչնչացման զենքի արձագանքման ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հանձնաժողովի՝ սեպտեմբերի 10-ին կայացած նիստը։ Ըստ Փհենյանի տվյալների՝ կողմերը համաձայնության են եկել կատարելագործել տեղեկատվության փոխանակումը, մեծացնել համատեղ արձագանքման հնարավորությունները և ակտիվացնել համապատասխան զորավարժությունները։
ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունում դա գնահատել են որպես հանրապետության դեմ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի հնարավոր կիրառման նախապատրաստում:
2022 թվականին ընդունված օրենքը նախատեսում է միջուկային զենքի կիրառում երկրի ղեկավարության կամ միջուկային ուժերի կառավարման համակարգի վրա հարձակման դեպքում, ինչպես նաև ԿԺԴՀ-ի դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ սպառնալիքի դեպքում։ Այն նաև թույլատրում է միջուկային ուժերի կիրառում կարևոր ռազմավարական օբյեկտներին հարվածի սպառնալիքի դեպքում և նախատեսում է ավտոմատ միջուկային հարված՝ նախապես հաստատված պլանով, եթե միջուկային ուժերի կառավարման համակարգը հարձակման հետևանքով հայտնվի սպառնալիքի տակ։