Եվրոպա

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Հաագայում գործող Կոսովոյի հարցերով հատուկ դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին մեղավոր է ճանաչել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, խոշտանգումների և ապօրինի կալանավորման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

58-ամյա Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ 1990-ականներին Սերբիայից անջատման ընթացքում էթնիկ ալբանացիներից կազմված «Կոսովոյի ազատագրման բանակի» բարձրագույն հրամանատարի պաշտոնում կատարած հանցագործությունների համար։

Դատարանը հայտարարել է, որ նա մեղավոր է ճանաչվել հակամարտության ընթացքում «Կոսովոյի ազատագրման բանակի» ուժերի կողմից 96 քաղաքական հակառակորդների և սերբական անվտանգության ուժերի հետ համագործակցության համար կասկածվող անձանց սպանության համար։

Նա նաև մեղավոր է ճանաչվել 385 մարդու կամայական և ապօրինի կալանավորման, 303 մարդու խոշտանգման և 49 մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Դատարանը հավելել է, որ տուժածներից ոչ մեկը հանցագործությունների կատարման պահին ռազմական գործողությունների ակտիվ մասնակից չի եղել։

Թաչին, որը լուռ է եղել դատավորի կողմից մեղադրական դատավճիռն ու պատժի չափն ընթերցելու ընթացքում, ավելի վաղ հերքել էր բոլոր մեղադրանքները։ Նա կարող է բողոքարկել դատավճիռը։

Թաչին շարունակում է հարգված գործիչ մնալ Կոսովոյի բազմաթիվ ալբանացիների համար։ Հաագայում կարճատև բախումներ են տեղի ունեցել Թաչիի մի քանի հարյուր կողմնակիցների և ոստիկանության միջև, երբ ցուցարարները փորձել են երթով գնալ դեպի տրիբունալ այն վայրից, որտեղից հետևում էին դատավճռի հրապարակման ուղիղ աուդիոհեռարձակմանը։

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում դատավճռի հրապարակումից հետո հարյուրավոր մարդկանցից բաղկացած բազմությունը երթով անցել է քաղաքով, իսկ քաղաքի տարբեր հատվածներում տեղակայվել են հասարակական կարգի պահպանման հատուկ ստորաբաժանումների տասնյակ ոստիկաններ։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման քննադատել է դատավճիռը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով լուսանկար՝ Եվրոպայի քարտեզի վրա պատկերված փշալարե օղակով՝ գրելով. «Անհավատալի է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում