2 րոպեի ընթերցում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Առաքելյանին պատկանող «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասում խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենային ներկայացվող պահանջները։
Մասնավորապես, արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ըմպելիք՝ նարնջի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
«Գազավորված ըմպելիք՝ տանձի համով» և «Կոլայի համով գազավորված ըմպելիք» արտադրատեսակների նմուշները սահմանված պահանջներին չեն համապատասխանել ինչպես «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ), այնպես էլ «խմորասնկ/բորբոսասնկ (գումարային)» ցուցանիշներով։
Հայտնաբերված խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը։
Խախտումները վերացնելու համար տնտեսավարող սուբյեկտին սահմանվել է համապատասխան ժամկետ։