Կանադան 1,5 մլրդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Կիևին. կալանիչ հրթիռների համար կհատկացվի 270 մլն դոլար
3 րոպեի ընթերցում

Օտտավան Կիևին կտրամադրի 2 միլիարդ կանադական դոլարի (մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար) օգնություն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը Կալգարիում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զելենսկին հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Կանադային ՌԴ-ի դեմ պատերազմի ընթացքում տրամադրված աջակցության փաթեթների համար։ Նա հայտարարել է, որ Քարնիի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինան կստանա 2 միլիարդ կանադական դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot համակարգերի հրթիռների, F-16 կործանիչների զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության և էներգետիկայի համար։
Իր հերթին, Քարնին հայտարարել է, որ Կանադան շարունակում է աջակցել Ուկրաինային՝ ֆինանսավորելով զենքի գնումները, մասնավորապես JUMPSTART մեխանիզմի շրջանակում։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ նա նշել է, որ Կանադան 350 միլիոն կանադական դոլար (մոտավորապես 270 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացնում Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի համար կալանիչ հրթիռների գնմանը։
«Կանադան և Ուկրաինան վերջնականացրել են JUMPSTART մեխանիզմի միջոցով կարևորագույն օդային կալանիչներ ձեռք բերելու համաձայնագիրը։ Այս սարքավորումների փաթեթը, որի արժեքը 350 միլիոն դոլար է, կօգնի պաշտպանել Ուկրաինայի ժողովրդին, երկրի ենթակառուցվածքները և նրա երկինքը», - ասել է նա։
Քարնին հավելել է, որ Կանադան նաև միջոցներ կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին, վարկային երաշխիքներ կտրամադրի 430 միլիոն կանադական դոլարի (մոտավորապես 330 միլիոն ԱՄՆ դոլար) չափով՝ ձմռանն Ուկրաինայի կողմից բնական գազի ձեռք բերման նպատակով։
«Բացի այդ, մենք սերտորեն կհամագործակցենք էներգետիկայի և կրիտիկական նշանակության հանքանյութերի ոլորտներում՝ մատակարարման հուսալի շղթաներ ապահովելու համար», - հստակեցրել է նա։
Քարնիի խոսքով՝ Կանադան նաև սերտորեն համագործակցում է եվրոպացի դաշնակիցների հետ՝ ուկրաինացի վետերաններին աջակցելու նպատակով համատեղ հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։
Ուկրաինան և Կանադան Զելենսկու այցի ժամանակ ստորագրել են նաև 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է համապարփակ ռազմավարական դաշինքի մակարդակի։