Աշխարհ

Կանադան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Կանադան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով համապարփակ ռազմավարական դաշինքի մակարդակի և ամրապնդելով երկարաժամկետ աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 10-ին Կալագիում հանդիպման ժամանակ վարչապետ Մարկ Քարնին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել են իրենց գործողությունների լիակատար համադրումը և երկկողմ համագործակցության մակարդակը զգալիորեն բարձրացնելու մտադրությունը։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կանադան կշարունակի բավարարել Ուկրաինայի առավել հրատապ ռազմական կարիքները։ Մասնավորապես, կանադական UNIFIER ուսումնավարժական առաքելության գործունեության ժամկետը պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2029 թվականը։

Օտտավան կկենտրոնանա հակաօդային պաշտպանության համակարգերի և կալանիչ հրթիռների մատակարարման վրա: Բացի այդ, Կիևը կշարունակի ստանալ ռազմական տեխնիկա, զինամթերք և աջակցություն իր զինված ուժերին։

Երկրները կխորացնեն համագործակցությունը հետախուզության, կիբերպաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի և էլեկտրոնային խափանման հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ հակազդելով նաև հիբրիդային սպառնալիքներին և տեղեկատվական մանիպուլյացիային: Միաժամանակ, Կանադան կաշխատի գործընկերների հետ՝ ստեղծելու իրավաբանորեն և քաղաքականապես պարտադիր անվտանգության երաշխիքների մեխանիզմ՝ ռուսական ապագա ագրեսիան կանխելու համար։

Նշվում է նաև, որ հիմնվելով 2025 թ. օգոստոսի 24-ի մտադրության նամակի վրա՝ կողմերը կհաստատեն պաշտպանական-արդյունաբերական երկարաժամկետ գործընկերություն: Սա ենթադրում է անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի համակարգերի և զինամթերքի համատեղ արտադրություն, որը ներառում է տեխնոլոգիաների փոխանցում և գիտական հետազոտություններ։

Կողմերը նաև կընդլայնեն առևտուրը և ներդրումները՝ ազատ առևտրի թարմացված համաձայնագրի շրջանակում, կխորացնեն համագործակցությունը էներգետիկ անվտանգության, կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման, արդյունաբերության և անտառների կառավարման ոլորտներում։

Հատուկ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության, կիբերանվտանգության, տիեզերքի, կենսատեխնոլոգիաների և թվային կառավարման ոլորտներում հետազոտողների միջև համագործակցությանը։

Զելենսկին եռօրյա այցով Կանադա է մեկնել սեպտեմբերի 9-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում