1 րոպեի ընթերցում
Վերջին 3-4 տարիների ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում տեղի է ունեցել քաղաքի պատմության մեջ ամենամեծ տրանսֆորմացիան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են շարժակազմի փոփոխություն, միասնական տոմսային համակարգի ներդրում, ինչպես նաև փորձնական ավտոբուսային գծերի գործարկում։
«Այն, ինչ արվել է վերջին 3-4 տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից, ունի պատմական նշանակություն»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ ներկայում Երևանի հանրային տրանսպորտում օրական իրականացվում է շուրջ 600 հազար վալիդացիա։ «Մենք այսօր օրական հասել ենք 600 հազար վալիդացիաների Երևան քաղաքում։ Երևան քաղաքում այսօր տեղի է ունենում 600 հազար ուղևորափոխադրում օրական, հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ։ Սա ռեկորդային ցուցանիշ է»,- նշեց նա։
Ավինյանը հավելեց, որ հանրային տրանսպորտի վճարային համակարգում ներդրվել են էլեկտրոնային լուծումներ։ «Մենք բերել ենք մաքսիմալ թափանցիկության, մաքսիմալ էլեկտրոնային լուծումների, որ Google Pay-ով, Apple Pay-ով կարողանան վճարումներ անել»,- ասաց քաղաքապետը։