5 րոպեի ընթերցում
Թեև սահմանամերձ Խաչիկ գյուղը գտնվում է մայրաքաղաքից բավականին հեռու, սակայն ապրում է բնականոն, ակտիվ կյանքով։ Գործում են դպրոցն ու մանկապարտեզը, ինչպես նաև մշակույթի տունը, որտեղ կան մի քանի խմբակներ, իսկ գյուղատնտեսական սեզոնին բնակիչները զբաղված են առօրյա աշխատանքներով։
Լրագրողների խումբը Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Խաչիկ գյուղ ճիշտ այն պահին, երբ տեղում բաշխվում էր ԿԽՄԿ-ի կողմից հատկացված աշնանացան ցորենի սերմացուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Խաչիկ բնաակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշեց, որ իրենք ունենք նման աջակցության նախադեպը։
«2024 թվականին ԿԽՄԿ-ի կողմից 100 հեկտարի չափով հաճարի և ոլոռի սերմացուն անհատույց և անվերադարձ բաշխվեց մեր համայնքի բնակիչներին։ Հողերը մելիորացրեցինք, վարեցինք, այնուհետև պարարտ հողում ցանեցինք սերմերն ու ստացանք լավ բերք։ Ծրագիրն, ինչպես տեսնում եք, շարունակական է։ Այս տարի ԿԽՄԿ-ի կողմից ստացել ենք 106 հեկտարի չափով աշնանացան ցորենի սերմացու։ Բոլոր ցանկացող շահառուներին ցուցակագրել ենք»,- ասաց Սմբատյանը։
Խաչիկ համայնքի վարելահողերն ավելի շատ են, կադաստրային հաշվարկով կազմում են 1200 հեկտար։ Նախիջևանի հետ սահմանի հարևանությամբ կա նաև կաթիլային համակարգով ջրովի վարելահող, որը կազմում է մոտ 400 հեկտար։ Այնտեղ կան նաև պտղատու այգիներ։
«Տրակտորներն արդեն վարում են այն տարածքները, որտեղ ցանվելու է ցորենի սերմացուն։ Բնակիչները նույնպես ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում։ Ձեռք են բերել վառելիք և պարարտանյութեր։ Սերմացուի անվճար բաշխումն արդեն իսկ մեծ օգնություն է, մնացածն արդեն գյուղացիները կհոգան»,-նշեց համայնքապետը։
Բարձրադիր և սահմանամերձ Խաչիկ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրը կապված է ոռոգման ջրի հետ։
«Խորհրդային տարիներին ջուրն այստեղ մղվել է եռաստիճան պոմպերով։ Արփա գետից առաջին աստիճանով ջուրը մղվել է դեպի վեր, իսկ այսօր այդ համակարգը խափանված է։ Ներկայում Խանջյանի խողովակով ջուրը հասնում է երկրորդ աստիճանին, իսկ հետո երրորդ աստիճանով մտնում է գյուղ։ Ամառվա տապին, երբ որոշում են մեզ ջուր հատկացնել, Արենի համայնքի կազմում ընդգրկված հինգ բնակավայրերի ոռոգման համակարգը կաթվածահար է լինում։ Մենք առաջարկել ենք Կառավարությանը, որպեսզի ոռոգման նախկին առաջին աստիճանը վերականգնվի, Արփա գետից ջուրն անմիջապես մղվի դեպի մեզ և մենք որևէ մեկին նեղություն չտանք։ Դրա համար պահանջվում են զգալի միջոցներ։ Մենք նույնիսկ սուբվենցիոն ծրագրերով չենք կարող լուծել այդ խնդիրը։ Անհրաժեշտ է Կառավարության ամբողջական աջակցությունը»,- ասաց Սմբատյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ցորենի առատ բերքի պարագայում մարդիկ պահեստավորում են պաշարները և ավելցուկը վաճառում՝ ստանալով լավ եկամուտներ։ Իրացման խնդիր չկա, ոմանք նաև ցորենից ալյուր են ստանում և վաճառում Խաչիկ ժամանող գնորդներին։ Այս տարին բնակլիմայական պայմանների առումով բավականին բարենպաստ է, աշնանացանից հետո ակնկալում են լավ բերք։
«Մեկուսացված չենք, ապրում ենք լիարժեք կյանքով։ Երեխաներն այս տարի բարձր տրամադրությամբ սկսեցին նոր ուսումնական տարին։ Արտագաղթողներ չունենք։ Ընդհակառակը՝ խաչիկցիները վերադառնում են իրենց հայրենի բնօրրան։ Մարդիկ գերադասում են տեղում աշխատել, քանզի տեսնում են, որ այդ կերպ կարող են ավելի շատ եկամուտ ունենալ, ավելի լավ ապրել, քան եթե մեկնեն արտագնա աշխատանքի։ Մեզ մոտ բազմաթիվ բնակիչներ գնել են նոր ավտոմեքենաներ։ Բարեկեցության մակարդակն, ընդհանուր առմամբ, բարձրացել է»,- հավաստիացրեց Խաչիկ համայնքի ղեկավարը։
Խոսելով սահմանամերձ բնակավայրի անվտանգության մասին՝ Սմբատյանը վստահեցրեց, որ իրավիճակն արդեն հանգիստ է, ադրբեջանական կողմից վերջին կրակոցները հնչել են 2022 թվականին, այժմ մարդիկ ապրում են խաղաղության պայմաններում։
«Մեր թիկունքում զգում ենք մեր զինվորների ներկայությունը։ Պետական սահմանը, բառիս ուղիղ իմաստով, գծում ենք գութանով։ Մեր ամենավերջին վարելահողը գտնվում է Նախիջևանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ։ Այնտեղ սեզոնին միշտ կատարվում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Մարդիկ հանգիստ են ու անվտանգ»,- ասաց Խաչիկ համայնքի ղեկավարը։