Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար
2 րոպեի ընթերցում

Մոսկվան չի ցանկանում վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար, բայց սա հետագա քննարկումների թեմա է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում։
«Ամենահետաքրքիրն այն է, որ Հորմուզի նեղուցն ամբողջովին բաց է եղել մինչև փետրվարի 28-ը։ Այս ագրեսիայից հետո Իրանը ցույց տվեց, որ ինքն էլ ունի իր ազգային շահերը, ազգային հպարտությունն ու ավանդույթները։ Պարսկաստանը հազարամյակների պատմություն ունի։ Միայն հիմա է սկսել քննարկվել Հորմուզի նեղուցի բացման համար վճարի հարցը, որը գոյություն չուներ, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը չսկսեցին այս արկածախնդրությունը։ Մենք, ի դեպ, նույնպես չենք ցանկանում, որ վճար սահմանվի, բայց սա հետագա քննարկումների թեմա է», - ասել է նա։
Լավրովը հավելել է, որ Իրանի դեմ ագրեսիայի հետևանքներից մեկն այն է, որ կտրուկ ամրապնդվել են Իրանի ղեկավարության մեջ այն անձանց դիրքերը, որոնք ասում են, թե նախազգուշացրել են, որ առանց միջուկային զենքի իրենց անընդհատ հետապնդելու են:
«Այս դիրքերը մարգինալ էին այաթոլլայի (խմբ.՝ Ալի Խամենեիի) օրոք, որին վերացրին, ինչպես նաև անվտանգության գծով օգնականի (խմբ.՝ Ալի Լարիջանիի) օրոք, որին նույնպես վերացրին: Իսկ հիմա (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփն ասում է, որ իրենք ցանկանում են խոսել նրանց հետ, բայց տեսնում է, որ այնտեղ ոչ ոք չկա, որի հետ խոսեն, քանի որ բոլորին սպանել են։ Դա ի՞նչ է», - ասել է Լավրովը: