5 րոպեի ընթերցում
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում օգոստոսի 22-ին տոնական ու հանդիսավոր տրամադրությամբ նշվել է քաղաքի հիմնադրման 68-ամյակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Քաջարանի համայնքապետարանը։
Նշվում է, որ քաղաքում միավորվել էին պատմությունն ու ներկան, հիշողությունն ու մշակույթը, ձեռքբերումներն ու ապագայի հանդեպ վստահությունը։ Տոնական միջոցառումները մեկնարկել են հյուրերի դիմավորմամբ և ընդունելությամբ, որից հետո տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրման արարողությունը։
Հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարանցիների հիշատակին։ Տոնական բազմաբնույթ միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, մարզի համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ քաջարանցիներ։
Քաղաքապետ Մանվել Փարամազյանն իր ելույթում ընդգծել է, որ Քաջարանի պատմությունը, առաջին հերթին, քաջարանցու պատմությունն է՝ կերտված հանքագործի ու շինարարի, ինժեների ու մանկավարժի, բժշկի, մշակույթի և սպորտի գործիչների, պետական ու համայնքային ծառայողների, ձեռներեցների, երիտասարդների և ավագ սերնդի ամենօրյա աշխատանքով։
«Քաջարանի անցած ճանապարհը մեզ հպարտություն է ներշնչում, իսկ ապագան՝ մեծ պատասխանատվություն»,-նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ քաղաքի զարգացման գլխավոր ուժը մարդն է, ընտանիքը, համերաշխությունն ու միմյանց նկատմամբ պատասխանատվությունը։
Օրվա առանցքային իրադարձություններից է եղել «Քաջարանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացման արարողությունը։
ՀՀ կառավարություն-համայնք-ԶՊՄԿ համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցվել է 120 երեխայի համար նախատեսված նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ նախկին, շահագործման համար այլևս ոչ նպատակահարմար շենքի տարածքում։ Շինարարության ընդհանուր արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
Քաջարանի մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջերմորեն շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի տոնի առթիվ՝ ընդգծելով համայնքի յուրահատուկ դիմագիծն ու դրանում բնակիչների ավանդը։ «Այստեղ հիմնվեց քաղաք, և քաջարանցիները 68 տարիների ընթացքում ապացուցեցին, որ կերտել են իրենց ուրույն ձեռագիրը ու կերտել են այն նախևառաջ աշխատասիրությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ, մշակույթով, արվեստով… Ընդամենը 68 տարեկան քաղաքը կարողանում է այսօր իր բոլոր դրական կողմերով առանձնանալ»,- նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
Անդրադառնալով նորաբաց մանկապարտեզին և համայնքի զարգացման ընթացքին՝ մարզպետը նշել է․
«Այսօր ականատես եղանք հիասքանչ մանկապարտեզի բացմանը։ Դա հենց արդյունքի հասնելու այն ճանապարհն է, որին ձգտում ենք հասնել բոլորս՝ համայնքը, Կառավարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բոլոր այն մարդիկ, որոնք ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում։ Եվ այսօր մենք տեսնում ենք ծաղկող, զարգացող Քաջարան քաղաք»։
Տոնական ծրագրի շրջանակում կազմակերպվել էին շախմատի ու նարդու առաջնություններ, մանկական կրկեսային շոու, ինչպես նաև Քաջարան համայնքի ստեղծագործողների ցուցահանդես և գաստրո-ցուցահանդես։ Տոնական օրը շարունակվել է համերգային ծրագրով։
Քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի մեծ համերգը։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը միասին երգել են, պարել ու տոնել իրենց քաղաքի 68-ամյակը։
Տոնական օրը եզրափակվել է հրավառությամբ:
«Քաջարանի 68-ամյակը դարձել է ոչ միայն քաղաքի հիմնադրման տարեդարձի, այլև անցած ճանապարհը հիշելու, հերոսների հիշատակը հարգելու, ներկա ձեռքբերումները գնահատելու և ապագային միասին նայելու գեղեցիկ առիթ։ 68 տարիների ընթացքում Քաջարանը կերտել է իր յուրահատուկ ձեռագիրը՝ աշխատասիրությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ, մշակույթով ու արվեստով, և այսօր շարունակում է զարգանալ՝ վստահությամբ նայելով դեպի ապագա»,- ասված է հաղորդագրության մեջ։