Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում
1 րոպեի ընթերցում
Կառավարության որոշմամբ կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի հերթական նիստում։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել և ներկայում համապատասխան աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ՝ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող մինչև տասը երեխա ՀՀ տեղափոխելու և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելու նպատակով։
Երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ ՀՀ-ում հյուրընկալվելու պայմանին: