Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար
2 րոպեի ընթերցում
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը նեքաշում է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Էրդողանը Թուրքիան ներքաշում է վտանգավոր արկածախնդրությունների մեջ Սիրիայում։ Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը», - գրել է Կացը:
«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում շարունակի իրականությունից կտրված, երևակայական հռետորաբանությունն Իսրայելի դեմ, քան փորձի ստուգել ինքնապաշտպանվելու Իսրայելի վճռականությունը», - հավելել է նա։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը սպառնում է Իսրայելին։
Օգոստոսի 18-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկին։ Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության բնագավառում Իսրայելի հետ ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։