Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի հանդուրժի իրեն սպառնացող թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը նա տարածել է X-ի իր էջում։
«Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը սպառնում է Իսրայելին, - հայտարարել է նա։ - Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել՝ պետք չէ։ Ըստ երևույթին, այն բավականաչափ լավ չեն լսել, ուստի մենք հոգացել ենք, որ նրանք դա ավելի լավ հասկանան»։
Նեթանյահուն այս հայտարարությամբ անդրադարձել է օգոստոսի 18-ին սիրիական Իդլիբի նահանգում ռազմական օդանավակայանին հասցված ավիահարվածներին։ Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայում ռազմաբազային այն բանից հետո, երբ Դամասկոսին մի քանի նախազգուշացում է տրվել երկրում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ։
Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է» Իսրայելի հետ անվտանգության բնագավառում ստատուս քվոյի «խախտմանը»՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։