ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ
3 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել և հիմնանորոգել 25 կիլոմետր ճանապարհ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ դրանց մի մասն արդեն մեկնարկել է։
«Համապատասխան հանձնարարականը ստացվել է այս տարի, և հիմնական ծավալը կլինի մյուս տարի, չնայած այս տարի ևս բավական մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացնում և ավարտելու ենք»,- նշել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ Գյումրիում սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվում. մասնավորապես՝ իրականացվում է փողոցաշինություն, և ծրագրերում ընդգրկված է երկու տասնյակից ավելի փողոց։
Անդրադառնալով Գյումրու Շիրակացի փողոցում ընթացող շինարարությանը՝ նախարարն ասել է. «Շիրակացի փողոցը ևս վերանորոգվում է Ճանապարհային դեպարտամենտի պատվերով՝ կառավարության ֆինանսավորմամբ։ Սա թերևս այն շինաշխատանքներից է, որոնց տեմպերը որոշակի ժամանակով դանդաղել էին՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, ինչպես նաև ենթակառուցվածքներով: Հիմա այդ աշխատանքները ևս մեծ ծավալով ընթանում են։ Շուրջ մեկ ամիս է՝ ակտիվ շինարարություն է կատարվում, և մենք մոտավորապես երկշաբաթյա ժամկետում կանցնենք ասֆալտապատման աշխատանքներին. առնվազն ներքին շերտի ասֆալտապատումն այս տարվա ընթացքում ավարտված կլինի։Կապված եղանակային պայմանների հետ՝ կքննարկենք նաև վերին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրիում բնակլիմայական պայմաններն աշնանն այնքան էլ բարեհաճ չեն, բայց այնուամենայնիվ ներքին շերտը կանենք այս տարի և կքննարկենք վերին շերտի ասֆալտապատման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է որակին, ապա այնտեղ, որտեղ որակական խնդիրներ են արձանագրվել, ամբողջ հանրապետությունում շտկել ենք։ Հիմա նաև կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառել, որով պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող աշխատանքների մասով պետական լաբորատորիայի փորձարկումները պարտադիր պայման են դարձել։ Այս դեպքում ևս բյուջեից համաֆինանսավորումը տալու ենք բացառապես պետական լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում»։