ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
5 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և ոլորտի պատասխանատուների հետ շրջել է մարզի շինհրապարակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի առաջին կանգառը Գյումրու «Արևիկ» մանկապարտեզի շենքի վերանորոգման շինհրապարակում է եղել։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2025 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։ Վերանորոգման արդյունքում Գյումրին կունենա 186 տեղ հզորությամբ ժամանակակից մանկապարտեզ։ Ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 52 մլն 805 հազար դրամ է։ Ծրագրի պատվիրատուն Շիրակի մարզպետի աշխատակազմն է։
Այնուհետև Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են Գյումրու «Լապտերիկ-մսուր մանկապարտեզում» իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։ 177 տեղ հզորությամբ վերանորոգվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 87 մլն 275 հազար դրամ։ Ծրագրի պատվիրատուն Շիրակի մարզպետի աշխատակազմն է։ Շինհրապարակներում պատասխանատուները զրուցել են աշխատանքներն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքները, առաջիկա փուլերն ու բարձրացված հարցերի լուծման տարբերակները։
Պատասխանատուները հետևել են նաև Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարի հետ խոսել ժամկետների ու ծավալների փոփոխության մասին։ 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Նախարարն ու մարզպետը եղել են նաև Գյումրու Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։ Շուրջ 2.44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել են 110 մլն 553 հազար դրամի աշխատանքներ, և շինարարական աշխատանքները շարունակվում են։
Շինհրապարակում Դավիթ Առուշանյանը և Դավիթ Խուդաթյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը, ժամկետների պահպանման հարցերը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շիրակացի փողոցի շինաշխատանքների ընթացքին, խոսել ճանապարհաշինական նոր մեկնարկող լայնածավալ ծրագրերից։
«Շիրակի մարզում մոտ 50 մլրդ դրամի շինարարություն է արվում և օր օրի այդ թվերը փոփոխվում, ավելանում են, ամեն օր նոր մրցույթներ են տեղի ունենում, ծավալները շատ մեծ են, մեր աշխատակիցները շինհրապարակներում են և անում ենք հնարավորը, որ վերահսկողությունը պատշաճ կերպով իրականացվի։ Ինչ վերաբերում է Շիրակացի փողոցին, ապա շինարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր։ Մենք նաև անելու ենք հնարավորը, որ ամենասեղմ ժամկետներում մեկնարկեն նաև մյուս փողոցների ասֆալտապատման աշխատանքները»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
Պատասխանատուները ծանոթացել են նաև Մյասնիկյան փողոցում ընթացող աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությունը մեկնարկել է ապրիլին, իսկ ավարտը նախատեսվում է հոկտեմբերին։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 115 մետր է, երթևեկելի հատվածի մակերեսը՝ 1265 քմ, մայթերի մակերեսը՝ 484 քմ։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 44 մլն 666 հազար դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 20 մլն 99 հազար 835 դրամ է՝ 45 տոկոս։
Ինչպես տեղեկացնում է մարզպետի աշխատակազմը, շրջայցից հետո նախարարն ու մարզպետը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։ ՏԿԵ նախարարը լսել է պատասխանատուներին, քննարկել բարձրացրած հարցերն ու հանձնարարել ՎԶԵԲ պատասխանատուներին եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա անելիքների հստակ գրաֆիկ՝ ընդգծելով ժամկետներն ու գործընթացների տևողությունը։