Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերն օգոստոսի 12-ի վաղ առավոտյան պայթեցրել և ավերել են Լիբանանի հարավում՝ Զաուտար աշ-Շարկիա գյուղաքաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի դպրոցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը մի քանի պայթյուն են իրականացրել երկրի հարավում գտնվող Նաբատիեի և Սուրի շրջաններում։ Բացի այդ, Քաֆրա ալ-Ասի շրջանում հյուրատուն է թիրախավորվել, որի հետևանքով կա մի քանի վիրավոր։

Նաև տեղեկություններ են  հաղորդվում, որ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրայով անօդաչու թռչող սարքեր են թռչում։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ մարտի 2-ից մինչև օգոստոսի 9 իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 4335-ի, իսկ վիրավորներինը՝ 12 277-ի։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած տարածքներից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Հայերեն