8 րոպեի ընթերցում
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնը կազմակերպել էր «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով ասուլիս՝ ամփոփելու վաշինգտոնյան գագաթաժողովից հետո հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներում, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության և բարգավաճման վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված փաստաթղթերի ազդեցության համատեքստում առանձնացրեց երկու գործոն։
«Առաջին գործոնն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, որտեղ հիմնականը հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հավանականության էական նվազումն է։ Բոլորս հիշում ենք, թե 2025 թվականի առաջին ամիսներին ինչպիսի լարված իրավիճակ էր հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո, երբ Ադրբեջանը գերթե ամեն օր տարածում էր կեղծ լուրեր Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին և ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական ինստիտուտների հետ կապված ԶԼՄ-ներում նշվում էր, որ Ադրբեջանն ունի իրավունք՝ դիմելու պատասխան գործողությունների։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգն էականորեն նվազեց և այս պահի դրությամբ՝ գրեթե մոտ է զրոյի ու, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի մինչև նախագահ Թրամփի պաշտոնավարման ավարտը»,- ասաց Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ վերոհիշյալ փաստաթղթերի նշանակությունը միայն դրանում չէր։ Ըստ նրա՝ դրանք էականորեն խթանեցին նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։ 2025 թվականին ստորագրվեցին երեք հուշագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ, իսկ 2026 թվականի մայիսին ստորագրվեց երկկողմ համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, որը փոխարինեց մեկ տարի առաջ, հունվարի սկզբին ստորագրված փաստաթղթին։
«Այժմ տեսնում ենք, որ նշված հուշագրերը ոչ միայն թղթի վրա են, այլև տալիս են որոշակի արդյունք։ Ընդամենը երեք օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին խոշոր գործարանի բացումը, ինչն ուղղակիորեն պայմանավորված էր նախապես ստորագրված հուշագրերով»,- ասաց Պողոսյանը։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն իր հերթին տեղեկացրեց, որ իրենք ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ներկայացրել են համապատասխան զեկույց, որում շեշտը դրվել է նշված նախագծի աշխարհաքաղաքական և տնտեսական բաղադրիչների վրա։
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ԹՐԻՓՓ-ը նախևառաջ աշխարհաքաղաքական նախագիծ է, այլ ոչ թե տնտեսական։ Նաև հաշվել ենք, թե որքան գումար կարող է վաստակել Հայաստանը, եթե Հարավային Կովկասում տեղի ունենա ընդհանուր ապաշրջափակում, և ինչ կփոխվի զուտ ֆինանսական առումով, եթե գործի միայն ԹՐԻՓՓԸ։ Վերջին պարագայում Հայաստանի շահույթը կլինի տարեկան մոտ 23 միլիոն դոլար, ինչը մեծ թիվ չէ։ Իսկ եթե լինի համընդհանուր ապաշրջափակում, ապա շահույթը կարող է հասնել տարեկան մինչև 388 միլիոն դոլարի»,- ասաց Մելքոնյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի համար անչափ կարևոր են ելքերը դեպի արտաքին աշխարհ, դեպի Պարսից ծոց և Միջերկրական ծով, առավել ևս, եթե խոսվում է դիվերսիֆիկացիայի մասին։
«Այդ պարագայում պետք է բացվեն բոլոր երկաթուղային հաղորդակցությունները։ Վաշինգտոնյան փաստաթղթի համաձայն՝ եթե ԹՐԻՓՓԸ իրագործվի, դրա համար անհրաժեշտաբար պետք է գործեն բոլոր ուղիները։ Այդ առումով դեռ լուրջ քաղաքական որոշումներ չենք տեսնում։ Եթե բոլոր կողմերը շահագրգռված են խաղաղության հեռանկարով, ապա պետք է կենտրոնանան ոչ միայն ԹՐԻՓՓ-ի շուրջ։ Կա նաև երրորդ բաղադրիչը, որի համաձայն՝ հավանական է այն սցենարը, երբ ապաշրջափակման համատեքստում իրականացվի միայն ԹՐԻՓՓ-ը, իսկ մյուս ճանապարհները չբացվեն, կամ եթե բացվեն, հնարավոր լինի միակողմանի փակել։ ԹՐԻՓՓԻ պարագայում նման օպցիա չկա, ուստի կարող է լեգիտիմացվել փաստացի Հայաստանի նոր շրջափակման ձևաչափը, երբ գործի միայն ԹՐԻՓՓԸ, իսկ մյուս ուղիները մնան փակ»,- նշեց Մելքոնյանը։
Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու համար, որովհետև Ադրբեջանից շարունակաբար ուղերձներ են ուղարկվում Թուրքիա, որոնց համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ներառյալ ցամաքային սահմանի բացում և երկաթգծի գործարկում, կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
«Մենք «ԱՊՐԻ Արմենիայում» այս գործընթացը կոչում ենք «արատավոր շրջան», և այդ տերմինն արդեն սկսել է օգտագործվել ադրբեջանական և թուրքական փորձագիտական շրջանակներում։ Մի կողմից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Առայժմ խոսել ինստիտուցիոնալիզացված խաղաղության մասին հնարավոր չէ, քանի դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը։ «Արատավոր շրջանը» կոտրելու համար անհրաժեշտ է արտաքին ներգրավում։ Կա հնարավորությունների պատուհան, որից կարող է օգտվել ԱՄՆ-ն՝ ավելի ակտիվորեն ներգրավվելով տարածաշրջանային գործընթացներում՝ այդ «արատավոր շրջանը» կոտրելու համար։ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բաղկացուցիչ մաս»,- նշեց Պողոսյանը։
Խոսելով խնդրահարույց թեմային մասին, որն առնչվում է հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիոն կառավարմանը՝ Պողոսյանն ընդգծեց, որ այդ կոնցեսիան ապաշրջափակման գործում խոչընդոտ համարելու կամ չհամարելու համար պետք է նախ ունենալ հստակ երաշխիքներ, որ բացվելու են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Նախիջևան սահմանները։
«Քանի դեռ այդ որոշումները չկան, դժվար է հստակ պնդումներ անել։ Սահմանների բացման վերաբերյալ գոնե որոշումների առկայության պարագայում կարելի է խոսել այն մասին, որ ռուսական կոնցենսիան կարող է Հայաստանի համար լինել խոչընդոտ միջին միջանցքի բաղկացուցիչ մաս դառնալու ճանապարհին։ Քննարկումներն այժմ կրում են ավելի շատ քաղաքական, քան պրակտիկ բնույթ»,- ասաց Պողոսյանը։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատողները պնդեցին, որ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման դեպքում կգործարկվի նաև Հայաստանն Իրանին Նախիջևանի տարածքով կապող երկաթգիծը, և այդ դեպքում Հայաստանը կդառնա նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի բաղկացուցիչ մաս, իսկ դրա համար անհրաժեշտ է նաև, որ Իրանում դադարեն պատերազմական գործողությունները։