Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել Իրանի, եվրոպական և տարածաշրջանային երկրների հասցեին։ Նա հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումը շատ բարդ գործ էր, սակայն դա իր կայացրած ամենահեշտ որոշումներից է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթից հատվածներ է մեջբերում The Times of Israel-ը։
Նրա ելույթի ընթացքում մի շարք երկրների պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը։
«Եթե մենք դա արած չլինեինք, բոլորս մեռած կլինեինք, - հայտարարել է նա՝ հավելելով, որ պաշտպանվելով՝ Իսրայելը նաև պաշտպանել է այն երկրներից շատերին, որոնց պատվիրակությունները լքեցին դահլիճը: - Իրականում, ուզում եմ՝ իմանաք, որ նրանց ղեկավարներից շատերը նույնիսկ մասնավոր կարգով մեզ շնորհակալություն են հայտնում Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար»։
Նա նաև պնդել է, թե «մի օր, և հնարավոր է՝ այդ օրը հեռու չէ» Իրանի կառավարությունը «կտապալվի»։
Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելի նման փոքր երկիրը երեք տարի շարունակ յոթ ճակատով պատերազմ է վարում ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի, հութիների, Իրանի, Իրաքի աշխարհազորայինների, Սիրիայի աշխարհազորայինների, Արևմտյան ափում «պաղեստինցի ահաբեկիչների» դեմ։
Նեթնյահուն նաև քննադատել է եվրոպական երկրներին, որոնք վերջերս հայտարարել են Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
Բացի այդ, Նեթանյահուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ նրան մեղադրելով հակասեմականության համար։
Նա հայտարարել է, որ Կատարը «միլիարդավոր դոլար է ծախսում ստեր տարածելու համար», իսկ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնակալ», որը հերքում է Հայոց ցեղասպանությունը, օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, բանտարկում է լրագրողներին և ընդդիմադիրներին։