«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հաստատված խաղաղության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան 1 տարի անց Հայաստանում խոսվում է այն մասին և հետապնդվում է այն օրակարգը, որ «մենք պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը»: Այս հարցադրումներին մենք հանրայնորեն անդրադարձ չենք կատարում: Սա ֆունդամենտալ խնդիր է, որի հետ բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ և զուգահեռ ընկալումներ: Հայաստանի Հանրապետությունում ներքին կյանքում մենք այլ հարցադրումներ և շեշտադրումներ ենք արել, իսկ բանակցային սեղանի շուրջ բոլորովին այլ հարցեր են քննարկվել, բոլորովին այլ տրամաբանությամբ: Ե՞րբ է, որ այս գործելակերպը հնարավոր չի եղել շարունակել․ այն պահից, երբ հայտնվել են սոցիալական ցանցերը՝ ջնջել են ներքին և արտաքին խոսակցության սահմանները: Հիմա ուրիշ մարտահրավերների հետ ենք առնչվում, երբ գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ ուղղության հետ և, իմ կարծիքով, այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց հետ պետք է առնչվենք:
Զուգահեռաբար, նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես, բոլորիս հայտնի «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար և, որը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային անվտանգության համար։ Հաստատված խաղաղության համար շատ լրջագույն մարտահրավեր է: Այդ մարտահրավերների դրսևորումները ժամանակ առ ժամանակ տեսնում ենք ամենատարբեր առիթներով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ անվտանգային մարտահրավերներին անդրադառնալիս պարզ է դառնում, որ մեր անվտանգային շատ խնդիրներ սկսվում են մեր մտքում՝ իրականության և միջավայրի ընկալումների մեջ, և այդ խնդիրն այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում: