Միացյալ Նահանգներ

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Պոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման առանցքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման և մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի հիման վրա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերն էին։ 

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրաբանական տվյալների և մասնագիտական փորձի փոխանակմանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկրաբանական քարտեզագրմանը, տեխնիկական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ռեսուրսների ուսումնասիրման, արդյունահանման, տարանջատման և վերամշակման, հանքարդյունաբերական տարածքների վերականգնման ծրագրերի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համապատասխան պետական կառույցների միջև գործնական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարածաշրջանային և միջազգային մատակարարման շղթաների դիմակայունության բարձրացումը և կարևորագույն հանքանյութերի հասանելիության ապահովումը՝ վերահաստատելով ոլորտում երկխոսությունն ու գործնական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում