Քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 25-րդ նախարարական հանդիպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում փոխնախարարը կարևորել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացումը՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերները հաղթահարելու համար։ 

Նա ընդգծել է տարածաշրջանային և համաշխարհային շուկաներին հուսալի հասանելիության, տարածաշրջանային ինտեգրման և կառավարությունների, զարգացման գործընկերների, մասնավոր հատվածի ու միջազգային ֆինանսական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցության դերը կայուն տնտեսական աճի ապահովման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ» ծրագիրը՝ ուղղված Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ «ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի՝ հիմնված ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության վրա՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու ինտեգրմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ են առևտրի դյուրացում, արդյունավետ կարգավորումներ և թվային գործիքների կիրառում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ ուղղված սահմանային անցակետերում արտաքին առևտրի ընթացակարգերի դյուրացմանն ու տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կենսաբազմազանության և կլիմայական օրակարգերի առաջմղմանը, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ կայուն ենթակառուցվածքների զարգացման միջոցով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում