Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Ուկրաինան կստանա ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության արտոնագրեր. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն վերջնական որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Զելենսկու խոսքով՝ արտոնագրերի հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահի հետ օրերս Նյու Յորքում իր վերջին հանդիպման ընթացքում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

«Թրամփն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծել է դա, կան կոնկրետ պայմանավորվածություններ և առաջընթաց, - հայտարարել է նա։ - Մեր վերջին հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծեց. «Այո, ես կայացրել եմ վերջնական որոշում, Ուկրաինան կստանա Patriot-ի հրթիռների արտադրության արտոնագրերը»»:

Այնուամենայնիվ, Զելենսկին չի հստակեցրել արտոնագրերի փոխանցման ժամկետները։

Սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղարության ռուսալեզու խոսնակ և Բրյուսելի տարածաշրջանային մեդիա-կենտրոնի փոխտնօրեն Իան Բեյթսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ, և բանակցությունները շարունակվում են։

Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինան Patriot համակարգերի համար լրացուցիչ կալանիչ հրթիռներ է ստանում հատուկ մեխանիզմի միջոցով, որի շրջանակում դրանց մատակարարման գործընթացում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում