Հանրային քննարկման է ներկայացվել Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից մարզական համալիրի ստեղծման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, նախագծի վերաբերյալ նախարարությունն այսօր կազմակերպել է նաև հանրային լսումներ, որը վարել է սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Հանդիպմանը մասնակցել են Կապանի համայնքապետարանի, մարզադաշտի սեփականատերերի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները, քննարկվել դրա իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն անդրադարձել են մարզական համալիրի կառուցման համար անհրաժեշտ տարածքին և ենթակառուցվածքներին, առկա գույքային և իրավական հարաբերություններին, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպմանը։

Քննարկման ընթացքում կարևորվել են Կապանի մարզադաշտի հարուստ մարզական ավանդույթներն ու բազմաֆունկցիոնալ նշանակությունը։ Ընդգծվել է, որ մարզադաշտը տասնամյակներ շարունակ եղել է Սյունիքում թեթև աթլետիկայի հիմնական մարզումային և մրցումային կենտրոններից մեկը։ Այստեղ մարզվել և ձևավորվել են հանրապետական ու միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկներ, իսկ այդ ավանդույթներն այսօր շարունակում են Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաները։ Այս համատեքստում առաջարկվել է նոր համալիրում ապահովել նաև թեթև աթլետիկայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ համապատասխան վազքուղիներով, ցատկային հատվածներով և մարզումային այլ հնարավորություններով։ Նշվել է, որ բազմաֆունկցիոնալ մոտեցումը հնարավորություն կտա պահպանելու Կապանում ձևավորված մարզական ավանդույթները և ժամանակակից պայմաններ ստեղծելու մարզիկների նոր սերունդների պատրաստման համար։

Անդրադարձ է կատարվել նաև մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանության անհրաժեշտությանը։ Ընդգծվել է, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտի ստեղծումը հնարավորություն կտա Կապանում անցկացնելու միջազգային հանդիպումներ և նոր խթան կհաղորդի պրոֆեսիոնալ ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Քննարկվել են նաև մարզահամալիրի հետագա կառավարման հնարավոր ձևաչափերը։ Առաջարկվել է դիտարկել պետություն-համայնք համագործակցության սկզբունքով կառավարման մոդելը՝ ապահովելով համայնքի մասնակցությունը, համալիրի հանրային հասանելիությունը և տարբեր մարզական կազմակերպությունների ու շահառուների կողմից օգտագործման հնարավորությունը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև շահագրգիռ կողմերի հետ շարունակական համագործակցության, նրանց առաջարկությունների ու դիտարկումների համակողմանի ուսումնասիրման, ինչպես նաև առկա փաստաթղթերի և ելակետային տվյալների ամբողջական ուսումնասիրության կարևորությունը։

Ակնկալվում է, որ ժամանակակից մարզական համալիրի ստեղծումը կնպաստի Սյունիքում սպորտի զարգացմանը, հանրապետական և միջազգային մարզական միջոցառումների անցկացման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական ու զբոսաշրջային զարգացմանը և ճանաչելիության բարձրացմանը։

Հանրային լսումների ընթացքում հնչած առաջարկներն ու դիտարկումները կուսումնասիրվեն և սահմանված ընթացակարգով կդիտարկվեն նախագծի հետագա լրամշակման շրջանակում։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար